Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթի մասնակիցները նամակ հանձնեցին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն (տարբերակ 5)

12:34 • 07.08.14

Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈՒ Մ Է

14։55

 

Երթի մասնակիցները նամակ հանձնեցին նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ նրանք վանկարկեցին «ազատություն, свобода....»։


«Ռուսաստանի իշխանություններին դեսպանատան միջոցով ուզում ենք հիշեցել, որ Լևոն Հայրապետյան հայտնի հայն ապրել է Ռուսաստանում, իր մեծ ներդրումն ունի այդ պետության տնտեսության զարգացման հարցում, և ռուսները դա շատ լավ գիտեն։ Իսկ այսօր նրանք պարտավոր են լսելու մեր բողոքը և փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը»,-հայտարարեցին նրանք։


Դեսպանատնից հետո երթը շարունակվեց դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, որտեղ էլ, ինչպես նախատեսված էր, ավարտվեց բողոքի երթը։


13.46

Քիչ առաջ նախաձեռնության անդամները Մարդու իրավունքների պաշտպանի գրասնյակում նամակ թողեցին, որով մասնավորապես պահանջում են ուշադրություն դարձնել Լևոն Հայրապետյանի ձերբակալությանը՝ որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը ընդունեց նամակը և հայտարարեց, որ խնդիրը պաշտպանի ուշադրության կենտրոնում է, և որ պաշտպանը հետևում է զարգացող բոլոր իրադարձություններին:

Այս պահին երթի մասնակիցները շարժվում են դեպի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:



13.09

Քանի որ ոստիկանները երթի մասնակիցների չթույլատրեցին հասնել ՀՀ Նախագահի նստավայր, երթի նախաձեռնողներն իրենց նամակը Սերժ Սարգսյանին փոխանցեցին իրենց վստահված անձի միջոցով, ով նամակը գցեց նստավայրում տեղադրված դիմումների և նամակների արկղ:


«Լևոն Հայրապետյանը երկքաղաքացի է, ուստի՝ պահանջում ենք, որ ՀՀ-ն իր քաղաքացու անվտանգությունն ապահովի: Լևոն Հայրապետյանի կալանքի տակ պահելը խախտում է «Մարդու իրավունքների և հիմնարարար ազատությունների կոնվենցիայի» 7-դ հոդվածը: Այն է ՝ մարդու կյանքի իրավունքը», -ասվում է նամակում։

Նշենք, որ անցնող մեքենաները, ի աջակցություն երթի, ձայնային ազդանշաններ են տալիս:
Հիմա երթը շարժվում են դեպի ՄԻՊ գրասենյակ:





12.56
Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթը շարժվում է դեպի նախագահական նստավայր


Քաղաքական ուժերից երթին մասնակցում են բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ՊՆ նախկին փոխնախարար, Վահան Շիրխանյանը, հոգևորականներ, Լևոն Հայրապետյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները, ինչպես նաև ՝արցախյան ազատամարտիկներ:


Երթից առաջ Ալ. Թամանյանի արձանի մոտ ելույթներով հանդես եկան քաղաքագետ Լևոն Շիրինյանը և Վահան Շիրխանյանը, իսկ հոգևորականներն աղոթք հնչեցրեցին առ Աստված ու հայրենասիրական երգերի ներքո ճանապարհեցին երթը:

Վահան Շիրխանյանն իր ելույթում հայտարարեց. «Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ձեզ հետ միասին դիմենք բոլոր համապատասխան մարմիններին՝ մասնակցություն ունենալ այս թյուրիմացության հանգուցալուծման մեջ: Լևոն Հայրապետյանը անմեղ է, և գիտեք, որ թյուրիմացություններ այդ համակարգում լինում են»,- ասաց Վահան Շիրխանյանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ ավելացրեց.«Մենք Ռուսաստանի ռազմաքաղաքական իշխանության հետ կարող ենք լեզու գտնել՝ հիշեցնելով ոչ միայն պատմական անցյալի բարեկամությունը, այլև Ռուսաստանում առկա հումանիզմի ավանդույթները: Ես կարծում եմ, որ որոշումներ կայացողները պետք է հիշեն բոլշևիկյան փչացված հումանիզմը: Հիմա այս ակնկալիքներ, անշուշտ, ոչ միայն ես ունեմ, այլ ամբողջ հայությունը»:



 



«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբի նախաձեռնությամբ այսօր է Երևանի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից մեկնարկեց երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի։ 

Երթի մասնակիցները կուղևորվեն դեպի ՀՀ Նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն: 

Երթի կազմակերպիչները նաև պատրաստվում են հանձնել համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության Նախագահին, ՄԻՊ-ին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին: 

«Միացե՛ք բոլորդ: Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի։ Հավատացե՛ք, որ Լևոն Հայրապետյանը ձեր յուրաքանչյուրիդ աջակցության կարիքն ունի՝ յուրաքանչյուրի՛դ: Յուրաքանչյուրիդ ներկայությունը կարող է նպաստել նրա դեմ հարուցված գործի դրական ելքին՝ հօգուտ մեր հայրենակցի: Այնպես որ, մի՛ հապաղեք, մի՛ ալարեք, կամք դրսևորե՛ք, գոնե մեկ ժամով միացե՛ք երթին: Կսպասենք բոլորիդ, բոլորիդ ներկայությունը ողջունելի է»,-նման իրազեկման կոչով նախապես հանդես են եկել նախաձեռնողները։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին։

Հիշեցնենք նաև, որ Լևոն Հայրապետյանը կասկածվում է «Բաշնևտի» բաժնետոմսերի հափշտակման և անօրինական լեգալացման մեջ, և նրա նկատմամբ մեղադրանքներ է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում) և 174-րդ հոդվածով (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում):