Կամբոջայում նախկին բռնապետները մեղավոր են ճանաչվել 1970-ականներին միլիոնավոր մարդկանց սպանության համար

16:28 • 07.08.14

Կամբոջայում դատարանը «կարմիր կխմերների» առաջնորդներ Նուոն Չեային և Հիեու Սամֆհանին մեղավոր է ճանաչել մարդկության դեմ հանցագործությունների համար և ցմահ ազատազրկման դատապարտել, հայտնում է The Guardian-ը:

 

«Կարմիր կխմերների» գաղափարախոսությունը հիմնվել է մաոիզմի վրա, որը չի ընդունում ժամանակակիցն ու արևմտյանը:

 

83-ամյա Հիեու Սամֆհանը և 88-ամյա Նուոն Չեան մեղավոր են ճանաչվել 1970-ականներին կատարված ցեղասպանության համար: Տղամարդիկ իրենց մեղքը չեն ճանաչել:

 

Դատական գործը վերաբերել է Կամբոջայում 1975-79թթ. տարբեր գյուղերից և քաղաքներից միլիոնավոր մարդկանց սպանությանը, նրանց նկատմամբ բռնություններին ու սովի մատնելուն:

 

Դատական գործը բացվել էր դեռևս 2011 թվականին՝ ներգրավվելով 4 կասկածյալների, որոնցից Կամբոջայի նախկին արտաքին գործերի նախարար Լենգ Սարին մահացել է 2013թ.-ին:

 

Նրանց ծերունական տարիքը և ծանր առողջական վիճակը հաշվի առնելով՝ դատական նիստը բաժանվել է մի քանի փոքրիկ հատվածների և արագացված կարգով անցկացվել, որպեսզի մինչ վճռի կայացումը մեղադրյալները չհեռանան կյանքից: