Լիբերիայում արտակարգ դրություն է հայտարարվել Էբոլա տենդի պատճառով (լուսանկարներ)

10:03 • 07.08.14

Լիբերիայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել Էբոլա տենդի բռնկման պատճառով:  Այս մասին ասել է Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը, հայտնում է Lenta.ru-ն:

 

«Տգիտությունը և աղքատությունը, ինչպես նաև արմատացած մշակութային և կրոնական ավանդույթները շարունակում են նպաստել հիվանդության տարածմանը»,- ասել է նա իր հեռուստաուղերձում:
 

Տենդի բռնկումը սկսվել է Գվինեայում այս տարվա փետրվարին, հետագայում վիրուսը տարածվել է հարևան Սիերա Լեոնեում և Լիբերիայում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վիրուսն արդեն 932 մարդու կյանք է խլել, իսկ ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 1700 դեպք:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի աֆրիկյան երկրների ղեկավարների հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները տարածաշրջան կուղարկի բժիշկների լրացուցիչ խմբեր, որպեսզի նրանք պայքարեն վտանգավոր վիրուսի դեմ: Ընդ որում՝ նախագահը նաև նկատել էր, որ Էբոլայի վիրուսն այս անգամ ավելի արագ է տարածվում, քան համաճարակի բռնկման նախկին դեպքերում: