ՌԴ-ն դադարեցրել է ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթները դեպի Հայաստան
Ռուսաստանը որոշում է կայացրել դադարեցնել իր օդային տարածքով ուկրաինական ավիաընկերությունների տարանցիկ չվերթները դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա: Այդ մասին Ռուսաստանի կառավարության նիստին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, գրում է korrespondent.net-ը:
ՌԴ վարչապետը նաև նշել է, որ Ռուսաստանը միջոցներ է մշակում ռուսական օդային տարածքով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ արևմտյան ավիաընկերությունների թռիչքների արգելման ուղղությամբ:
«Նման պայմաններում Ռուսաստանի կառավարությունը քննարկում է մի շարք պատասխան քայլեր: Ես դրանք կնշեմ, սակայն դա չի նշանակում, որ դրանք անմիջապես կկիրառվեն. դա եվրոպական, ամերիկյան ավիաընկերությունների համար Արևելյան Ասիայի, այսինքն՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ մեր երկրի օդային տարածքի օգտագործման արգելքն է»,- ասել է նա:
Մեդվեդևը նշել է, որ Ռուսասանը դիտարկում է նաև եվրոպական ավիափոխադրողների կանոնավոր և չարտերային չվերթների համար ռուսական տարածք մտնելու և դուրս գալու կետերի փոփոխության հարցը՝ նշելով, որ դա կանդրադառնա հետագա ավիափոխադրումների, արևմտյան ընկերությունների վաճառած տոմսերի գնի վրա:










