Թուրքիան պատրաստ է ավելացնել Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանման ծավալները
Թուրքիայի միրգ-բանջարեղեն արտահանողների միությունը պատրաստ է մեծացնել Ռուսաստան իր արտադրանքի արտահանման ծավալները, հայտարարել է միության ղեկավար Սալիհ Չալըն NTV թուրքական հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ria.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի արգելել է մեկ տարվա ընթացքում Ռուսաստան ներմուծել գյուղատնտեսական արտադրանքի, հումքի և սննդամթերքի առանձին տեսակներ այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ:
«Մեզ համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվում Ռուսաստան միրգ-բանջարեղենի արտահանման առնչությամբ: Մենք նաև հույս ունենք, որ մեր արտահանողների համար կարվեն կարանտինի և վերահսկողության որոշ մեղմացումներ: 2012 թվականին մենք Ռուսաստանին վաճառել ենք 800 միլիոն դոլարի արտադրանք, անցած տարի այդ թիվը հասել է 876 միլիոն դոլարի, իսկ այս տարվա առաջին յոթ ամիսներին՝ արդեն 440 միլիոն դոլար: Մենք պատրաստ ենք մեծացնել Ռուսաստան արտահանման ծավալները: Մեզ համար իրավիճակի շատ դրական զարգացում է»,- ասել է Սալիհ Չալըն:










