Առաջիկա 1-2 տարում էլեկտրաէներգիայի սակագների վերանայում չի սպասվում. Երվանդ Զախարյան

15:18 • 08.08.14

Էլեկտրաէներգիայի նոր սակագների վերանայման վերաբերյալ կառավարությունը հարց չի քննարկել, և մոտակա 1-2 տարվա ընթացքում սակագնի բարձրացումներ չեն սպասվում: «Արմենպեսս»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Երևան ՋԷԿ»-ում լրագրողների հետ հանդպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով, սակայն, էներգահամակարգի ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարդ է, ինչը նախարարությանը մտահոգության տեղիք է տալիս:

«Այս տարվա մայիսի դրությամբ համակարգի միայն պետական ընկերություններում առկա են 136,9 մլրդ դրամի վարկային պարտավորություններ, որից շուրջ 129 մլրդ դրամը երկարաժամկետ բյուջետային վարկեր են: Դեպիտորական պարտքերը կազմել են 35 մլրդ դրամ, իսկ տարվա կտրվածքով համակարգի ձեռնարկությունների վնասը` շուրջ 10,4 մլրդ դրամ: Ներկայում այդ խնդիրների լուծման համար մշակվում է «Ֆինանսական առողջացման ծրագիր», որը պատրաստ կլինի մեկ շաբաթից: Ծրագրում ներկայացված են տարբեր մոտեցումներ` ընդուպ մինչև շատ ցածր տոկոսադրույքով վարկերի ներգրավում, որովհետև այսօրվա ձևակերպված վարկերն առևտրային են, որոնց տոկոսադրույքները բարձր են»,- ասել է նախարարը: 

Նա տեղեկացրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 94 մլրդ դրամ վարկային պարտավորություններ, որոնց սպասարկման ծախսերը լուրջ ազդեցությունն են ունենում արտադրող կայանների վրա` վճարումները ժամանակին կատարելու առումով:

«Չնայած դրան համակարգում հարկային պարտավորություններ և չվճարված աշխատավարձեր չկան»,- ասաց Զախարյանը: 

Էներգետիկայի նախարարի խոսքով, էլեկտրաէներգետիկ համակարգի ընկերությունների ծախսերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընկերություններն ունեն շուրջ 17,9 մլրդ դրամ լրացուցիչ ծախսեր, որոնք ներառված չէին գործող սակագներում: «Դրա հետևանքով անհրաժեշտություն առաջացավ վերանայել սակագինը, որի արդյունքում օգոստոսի 1-ից այն բարձրացավ 3,85 դրամ/կՎտժ-ով»,- ասաց նախարարը: 

Օգոստոսի 1-ից Հայաստանում բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը, որից հետո 0.38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում` տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 կՎտժ-ի համար կազմեց 41.85 դրամ, գիշերային սակագինը` (23.00-ից մինչև 7.00)` 31.85 դրամ: 6 (10) կՎ լարման սպառողների համար ցերեկային սակագինը կազմեց 38.85 դրամ, գիշերայինը` 28.85 դրամ: 35 կՎ և բարձր լարման բ ջիջներով սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կազմեց 32.85 դրամ, գիշերայինը` 28.85 դրամ: