Ավստրալիայի վարչապետը Ռուսաստանին ավելի խիստ պատժամիջոցներով է սպառնացել
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, գրում է ria.ru-ն:
«Մենք կաշխատենք ավելի խիստ պատժամիջոցների ուղղությամբ»,- հայտարարել է վարչապետը՝ ելույթ ունենալով Սիդնեյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ընդ որում՝ նա ընդգծել է, որ նոր պատժամիջոցները կարող են կիրառվել Ռուսաստանի նկատմամբ, եթե ռուսական զորքերը հատեն Ուկրաինայի սահմանը:
Էբոթի հայտարարությունն արվել է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանած երկրներից՝ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից և Նորվեգիայից, մի շարք սննդամթերքի ներմուծման հարցում էմբարգո սահմանելու մասին Ռուսաստանի որոշման ֆոնին:
Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետը հայտարարել էր, որ մինչ Ուկրաինայի արևելքում շարունակում են աշխատել միջազգային փորձագետները, իշխանությունները մտադիր չեն ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել: Վարչապետը նշել էր, որ երկրի համար առաջնահերթություն է Դոնեցկում Boeing օդանավի կործանման վայրին մուտքի հնարավորություն ստանալը, այլ ոչ պատժամիջոցներ սահմանելը:
Հունիսին Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր 50 անձանց և 11 ընկերությունների դեմ ֆինանսական պատժամիջոցների և տեղաշարժի սահմանափակումների ուժի մեջ մտնելու մասին:










