Չինաստանում մտադիր են սեփական քրիստոնեական աստվածաբանությունը մշակել. China Daily

14:19 • 08.08.14

Չինաստանում պատրաստվում են սեփական քրիստոնեական աստվածաբանությունը մշակել, գրում է gazeta.ru-ն՝ China Daily USA-ին հղումով: Այդ մասին հայտարարել է կրոնի հարցերով Չինաստանի պետական վարչության տնօրեն Վան Ցզոանը:

 

«Վերջին տասնամյակների ընթացքում Չինաստանում արագորեն զարգացել են բողոքական եկեղեցիները, որոնք կիրառում են կրոնի ոլորտում երկրի քաղաքականությունը: Ապագայում մենք կշարունակենք օգնել Չինաստանում քրիստոնեության զարգացմանը»,- նշել է Ցզոանը:

 

Նրա խոսքով՝ չինական քրիստոնեական աստվածաբանությունը «համատեղելի» կլինի երկրի սոցիալիստական ուղու հետ: Ինչպես նշել է վարչության ղեկավարը, սեփական աստվածաբանությունը պետք է հարմարեցվի Չինաստանի ազգային առանձնահատկություններին և մշակույթին:

 

Այժմ Չինաստանում կա 23-ից մինչև 40 միլիոն բողոքական: Դա ողջ բնակչության մոտ 1,7-2,9 տոկոսն է: Ամեն տարի բողոքականություն է ընդունում մոտ 500 հազար մարդ: