ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպանը ԼՂ խնդրի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել
Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս- Յոխեն Շմիդթը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ներկայիս իրավիճակի շուրջ նախկին դեսպանի վերաբերմունքն է պարզել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը:
Դեսպանը նշել է, որ չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը՝ Մինսկի խմբի աջակցությամբ և մադրիդյան սկզբունքների հիման վրա:
«Զոհերի վերջին տագնապալի թիվը քաղաքական ահազանգ է, որ առանց շահագրգիռ կողմերի առավել մեծ քաղաքական պատրաստակամության՝ հաղթահարել բանակցային գործընթացում առկա փակուղին, Հարավային Կովկասում անվտանգության անկայուն իրավիճակը կշարունակի վատթարանալ: Սպառազինությունների անհամաչափ մրցավազքը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի այս հատվածում ստեղծված իրավիճակի վրա: Քաղաքականորեն հակաարդյունավետ է, որ երկիրը, որը պետք է միջնորդի դեր խաղա խնդրի լուծման գործում, զենքի ամենակարևոր մատակարարներից է (ներառյալ՝ ժամանակակից)»,- ասել է Գերմանիայի նախկին դեսպանը:
Շմիդթն ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրությունը բավականաչափ չի արգելել և դատապարտել Հարավային Կովկասի երկրներին զենքի մատակարարման շարունակական հոսքը՝ այդպիսով պատրվակ տալով քաղաքական ռեժիմներից մեկին ռազմատենչ հայտարարություններ հնչեցնել:
«Քաղաքականապես անհրաժեշտ է նաև, որ խնդրի լուծմանը մասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը»,- ասել է Գերմանիայի նախկին դեսպանը:
Ըստ նրա՝ շահագրգիռ կողմերի համար փոխշահավետ զիջումների վրա հիմնված կարգավորումը Հարավային Կովկասի բարգավաճման նախադրյալն է, որից հատկապես կշահի խնդրի բացասական հետևանքներն իր վրա զգացող բնակչությունը:










