ԵՄ-ն ուսումնասիրում է ռուսական պատժամիջոցների հնարավոր հետևանքները. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Ֆրանսիական գյուղատնտեսական արտադրող արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Կսավյե Բյոլենի հետ քննարկել է Ռուսաստանի կողմից մի շարք ապրանքների մուտքն արգելելու մասին որոշումը և նշել, որ Փարիզը Բրյուսելի հետ ուսումնասիրում է Մոսկվայի որոշման հնարավոր հետևանքները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Նախօրեին Մոսկվան մեկ տարով սահմանափակել էր ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներ կիրառող երկրներից՝ ԱՄՆ-ից, ԵՄ-ի երկրներից, Կանադայից և Ավստրալիայից մի շարք ապրանքատեսակների ներմուծումը: Համապատասխան ցանկում հայտնվել են տավարի, խոզի միսը, թռչնամիսը, ձկնեղենը, կաթնամթերքը, մրգերը և այլ ապրանքներ:
«Հաշվի առնելով եվրոպական և ֆրանսիական արտադրանքի՝ Ռուսաստան առաքման կարևորությունը, հանրապետության նախագահը Բյոլենին հավաստիացրել է, որ այս պահին Եվրահանձնաժողովը մտադիր է գնահատել այդ էմբարգոյի ուղղակի հետևանքները, և միջոցառումներ ձեռնարկել՝ ըստ իրավիճակի կարևորության»,-ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Ֆրանսիացիները հատկապես ուշադրություն են դարձնում մրգերի և բանջարեղենի ֆերմաներին, որոնք արդեն շուկայի դժվարությունների են հանդիպել:
Բացի այդ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի տվյալներով՝ եվրոպական հանրությունը կարող է դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
Օլանդը նաև հայտարարել է, որ ճգնաժամի հաղթահարման նպատակով ինքը սերտ շփման մեջ է եվրոպական գործընկերների, ինչպես նաև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:










