Հայ գյուղացուն՝ Կարեն Պետրոսյանին սպանել են, ինչո՞ւ. կարծիքներ

16:38 • 08.08.14

Ադրբեջանի գերեվարության մեջ հայտնված քաղաքացիական անձ հանդիսացող Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանը, ոչ թե «հանկարծամահ է եղել», այլ սպանվել: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում համոզմունք ու վստահություն հայտնեցին վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: 

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչը գերեվարվել էր օգոստոսի 7-ին, Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում: Ավելի ուշ, ինչպես հայտնել էր haqqin.az-ը՝ «Պետրոսյանի մահվան պատճառը եղել է սիրտ-անոթային սուր անբավարարությունը»։ 

Քաղաքագետը վստահ է, որ Կարեն Պետրոսյանին սպանելով՝ ադրբեջանցիները ցանկանում են հայկական կողմին սադրել, որ մերոնք էլ ոչնչացնեն Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներին, որոնց դատում են քրեական հանցագործությունների համար և որոնց տիրապետած տեղեկատվության մակարդակը Բաքուն գիտի:

«Ես վստահ եմ, որ Կարեն Պետրոսյանը սպանվել է և սպանվել երեք շատ կարևոր պատճառներով: Առաջինն այն է, որ ներկայացված լեգենդը, որ նա դիվերսանտ է, ակնհայտ սուտ է և ակնհայտ երևում է, երբ նրանից փորձում էին դիվերսանտի կերպար ստանալ այնպիսի շտապողականության մեջ, որ բացթողումներն ակնհայտ էին: Եվ հասկանալով, որ լեգենդը հնարավոր չէ կյանքի կոչել, Ադրբեջանում որոշել են հնարավորինս շուտ ջնջել այդ բացթողումները և կյանքից զրկել են: Պատճառը, որ Ադրբեջանը կարող է նման գործողությունների գնալ, կապված է մեզ մոտ գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հետ: Ըստ էության, Բաքուն հիանալի հասկանում է, թե ինչ մակարդակի մարդկանց մասին ու տեղեկատվության ինչպիսի պաշարներ ունեն նրանք: Եվ սպանելով մեր գյուղացուն՝ նրանք ակամայից փորձում են դրդել հայկական կողմին նույն կերպ վարվել՝ հույս ունենալով, որ դրանով կարող են կարևոր տեղեկատվության աղբյուր փակել: Այսինքն՝ ցանկանում են տեսնել իրենց դիվերսանտներին սպանված, քան ինֆորմացիա տրամադրելիս»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը հավելեց, որ մենք վերջին շրջանում տեսնում ենք, որ Բաքուն ամեն ինչ անում է, որպեսզի պատերազմական գործողությունները վերսկսի և ամեն ինչ անում է՝ իրավիճակն ավելի լարելու համար: 

«Եվ, բնականաբար, նման գործողությունները նպաստում են այդ սցենարի զարգացմանը»,-ասաց քաղաքագետը: 

Հիշեցնենք նաև, որ 2010-ին Տավուշի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանը ևս, ով գերեվարվել էր ադրբեջանական կողմից մի քանի ամիս անց սպանվել կամ ինքնասպանություն էր գործել Բաքվի բանտախցում: 

Մահից առաջ ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր թողարկում, որում Մանվել Սարիբեկյանը հարցազրույց էր տալիս հեռուստաընկերության աշխատակցին։ Նա խոստովանում էր, որ իբր լրտես է և ահաբեկիչ։

Իսկ դրանից հետո գերեվարված Տավուշի մարզի բնակիչ Մամիկոն Խոջոյանին թեև ադրբեջանական կողմը Միջազգային «Կարմիր խաչի» միջնորդական առաքելության շնորհիվ հանձնվեց Հայաստանին, սակայն նրա վրա ևս բազմաթիվ խոշտանգումների հետքեր էին հայտնաբերվել:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կատարվածը մեկնաբանեց՝ ասելով. «Ադրբեջանը, միշտ իր ձեռագրով, մեր թշնամին է։ Պետք է գիտակցենք, որ նույնիսկ քաղաքացիական անձանց համար իրենք որևէ միջազգային օրենք չեն հարգում, իրենց մոտից փախչողին մեջքից են կրակում, մեր մոտից մարդուն, ով ճանապարհը շփոթել էր, փորձում էին նրանցից դիվերսանտի կերպար ստանալ, աշխարհին ներկայացնել, որ դիվերսանտ է և սպանեցին: Փորձում են երևի զոհերի թիվը բարձրաձայնել, որ հետո իրենց ժողովրդին ասեն, որ նայեք, մեկ հոգի էլ ավել ենք սպանել: Ադրբեջանը մնում է իր ոճի ու ձեռագրի մեջ: Իսկ մեզ պետք է սա դաս լինի, որ մեր սահմանամերձ գյուղերի բնակիչները զգոն լինեն: Եվ նաև մեր պետական ինստիտուտները փորձեն ապահովել այդ բնակիչների կարիքները, որ չփորձեն մարդիկ անցնել տարբեր դաշտերով՝ ինչ-որ բաներ ձեռք բերելու համար»:

«Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Էդգար Վարդանյան ն էլ ասաց. «Ես մի բան կարող եմ ասել, որ Ադրբեջանը ցանկանում է հոգեբանական ճնշում իրականացնել Հայաստանի հասարակության նկատմամբ և նմանատիպ գործողությունները տեղավորվում են հենց այդ տրամաբանության շրջանակներում»: