Կարենը 3-րդ դասարան է ավարտել. նրան որպես «դիվերսանտ» ներկայացնելը իռացիոնալ ու անգրագետ հնարք է. կարծիքներ

13:50 • 08.08.14

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից որպես հայկական դիվերսանտ ներկայացված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ունի երրորդ դասարանի կրթություն, ակնհայտ խնդիրներ հոգեկան առողջության տեսանկյունից, և «դիվերսիա» գնալիս էլ ոգելից խմիչք է օգտագործած եղել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը։

«Չէր կարող ինքը ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարել, կամ, ընդհանուր առմամբ, մտքով անցնի, որ կարող է ինչ-որ նման հնարավորություններ ունենա, նախ, որովհետև տեղեկացված եմ, որ նա երրորդ դասարանն է վերջացրել ու ինչ-որ մտավոր հետամնացություն ունի. շատ պարփակված տղա է, ծնողներից հայրը, ով արցախյան պատերազմի մասնակից է, հոգեկան խանգարումներ ունի ու տենց հոգեմետ դեղերով իրեն պահում են»,-ասաց մարզպետը: 

Մարզպետի մանրամասնելով Կարենի՝ ոգելից օգտագործելու մասին տեղեկությունները հաստատել են նրա ընկերները, իսկ արդեն գյուղից դուրս գալուց հետո նա թաղամասերից մեկի բնակչից մի շիշ օղի է ուզել, սակայն գյուղացին օղին չի տվել: 

Հովիկ Աբովյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սկզբում ադրբեջանական լրատվամիջոցները նրան ներկայացրել էին քաղաքացիական համազգեստով, հետո արդեն՝ կիսազինվորական: 



 




Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ ասաց, որ մասնագիտական տեսանկյունից այս տեսագրությունները ծիծաղ են առաջացնում: «Օրինակ՝ բռնում են իրեն բոթասով, բայց հետո հագին կիսաճտքավոր ռազմական կոշիկ է։ Հագցնում են ինչ-որ մի հատ որսորդի ժիլետ՝ չմտածելով, որ այդ հանդերձանքը քաղաքացիական է. «սպարտիվկայով», որսորդական ժիլետով դիվերսիայի չեն գնում, եթե իրենք այդպիսի կարծիք ունեն իրենց դիվերսանտների մասին, ապա ասեմ, որ մեր հատուկ նշանակության զորքերը հաստատ ավելի լավ են հանդերձավորված: Իսկ սպառազինությունը, որ իրենք տենց գեղեցիկ փայլեցրած շարել էին, էդ իրենց բանակի սպառազինություն է, իսկ դիվերսանտի ձեռքի սպառազինությունը՝ սովորաբար թոզոտ, կեղտոտ, և եթե ուրիշներն էլ վիրավորվել կամ զոհվել են, ինչպես իրենք են ասում, ապա նաև՝ արյունոտ: Ոչ թե փայլեցրած զենքեր: Իսկ հեռախոսը, որ իր մոտից վերցրել էին, հասարակ «Նոկիա» է,  ու դրա արած ֆոտոներով տենց լուսանկարներ դուրս չի գա, ոնց որ իրենք շարել էին»,-նշեց ՊՆ մամուլի խոսնակը: 

 




Ի պատասխան հարցի, թե ո՞րն է քաղաքացիական անձին զինվորական համազգեստի նման ինչ-որ մի բան հագցնելու իմաստը, Արծրուն Հովհաննիսյանը նկատեց. «Ի՞նչ իմաստ… առաջին անգա՞մ է Ադրբեջանը խեղկատակության դիմում»: 

Հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը նույն հարցին պատասխանելով՝ ասաց. «Փորձենք վերլուծել էս պահին Ադրբեջանի ռազմական, հոգեբանական մթնոլորտի պատասխանատուների հոգեբանական վիճակը. պարտված բանակ, որն իր այդ կատաղի դրսևորումների ու հռետորաբանության առումով, վերջին օրերին, տեսանք՝ ինչ ստացան իրենց այդ «նախաձեռնողականության» արդյունքում, ինչ հակահարված: Այսինքն՝ իրենք հիմա հոգեբանորեն շատ ճնշված, նվաստացած, ատամներ կրճտացնելու վիճակում են: 

Եվ այդ պահին, կարծես, մի հայ երիտասարդ, Աստված գիտի՝ ինչ վիճակում, ինչ պատճառներով , հանկարծ ընկնում է իրենց ձեռքը: Եվ այստեղ արդեն իռացիոնալ, ոչ ռացիոնալ մի հրճվանք է իրենց մոտ: Եվ սա շատ լավ խայծ է քարոզչական իմաստով օգտագործելու: Բայց սա ընդամենը իրենց կարող է տալ, կրկին՝ ոչ ռացիոնալ բավարարվածության ինչ-որ ժամանակավոր զգացողություն: Իրենք էլ լավ գիտեն, թե ինչի մասին է խոսքը»,-նշեց հոգեբանը: 

Նրա խոսքով՝ կա նաև խնդրի քարոզչական կողմը, և այն նախատեսված է նախ ներքին լսարանի համար, ապա՝ արտաքին: 

«Իրենք իրենց ժողովրդի առաջ հիմա ամոթով են, ինչքա՞ն կարող են ստեր տարածել՝ մեկը մեկին հակասող, ոչ ռացիոնալ, պարզունակ, հիմա կա այդ երիտասարդը, որ ասում են՝ «տեսեք, տեսեք դիվերսանտ ենք բռնել»: Սա ավելի շատ ներքին սպառման համար է. իրենց ժողովրդի մոտ պարզերես լինելու մի փոքրիկ փրփուր են գտել և կառչում են դրանից»,–ասաց հոգեբանը։ 

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ Կարեն Պետրոսյանին որպես դիվերսանտ ներկայացնելն ավելի շատ տեղավորվում է ոչ թե տեղեկատվական պատերազմի քարոզչության շրջանակներում, այլ ռազմաքաղաքական բնույթի գործոններով է պայմանավորված: Ըստ մեդիափորձագետի՝ հայելային ինչ-որ մի բան են սարքել: 

«Ստեղ որ նայենք, էն նկարները, որ իրենք տալիս են, զենքը, որ իր մոտ, իբր, եղել է պատասխանն է Քարվաճառի դիվերստանտների դեպքին: Ոնց որ հայելային բան են սարքել: Սա պետք է դիտել ոչ թե որպես ինֆորմացիոն հակազդեցություն, այլ ավելի շուտ՝ մեր բանակի դեմ գործողություն: Այսինքն՝ ոնց որ մեր բանակը բռնեց իրենց դիվերսանտներին, հիմա էլ իրենց բանակն է «դիվերսանտ» բռնում: Սա ավելի շուտ ռազմաքաղաքական ոլորտում է պետք դիտել, ոչ թե տեղեկատվական պատերազմի: Իհարկե, ինչ-որ հոգեբանական ճնշումներով էլ բացատրվում, բայց հիմնականը սա է: Ու էդ խեղճ մարդը ոնց որ ընկել է էդ պատասխան գործողությունների մեջ»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը: