Բնական է, որ ԱԺ պատգամավորները հանգիստը չեն ընդհատում՝ կապված սահմանային վերջին իրադարձությունների հետ. Պ.Մակեյան

22:20 • 08.08.14

Բնական է, որ Հայաստանի Ազգային ժողովը սահմանին արձանագրված վերջին դեպքերից հետո էլ շարունակում է մնալ արձակուրդում: Ավելին, ինչպես կայքերից մեկն էր նշել, ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի ու պաշտպանության հանձնաժողովում անգամ այդ հարցը չի քննարկվում:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ ասելով.«Եթե ճիշտ վերլուծենք, սա ադեկվատ է: Ասեք՝ ինչու: Որովհետև մարդիկ ղեկավարում են երկիրը, գիտեն, թե ինչպես է թելադրված, ինչ պետք է արվի, և այդ քարոզչությունն անում են ժողովրդի համար, բայց մնացած վիճակն իրենք լավ գիտեն և կղզիներում իրենց հանգիստը չեն ուզում փչացնել էդ ամբողջ թատերական ներկայուցումը ներկայացնելիս»:

 

Ի պատասխան հարցի, թե ինչ հիմքեր ունի Ադրբեջանի՝ վերջին շրջանի դիվերսիոն գործողությունները և դրանց Հայաստանի պատասխանները «թատերական ներկայացում» անվանելու համար, Պետրոս Մակեյանն ասաց.«Կարծում եմ՝ դա գերտերությունների կողմից կազմակերպված ակցիա է, որում ներքաշվել է և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը. թե որը՝ ինչ չափով, ինչ հրահանգներով՝ չեմ կարող ասել: Բայց, ցավոք, զոհեր են լինում երկու կողմից:

 

Տարիներ շարունակ ալիևյան խանությունը հոխորտում է իր նավթադոլարներով, դիպուկահարների կրակոցներով, բայց մենք զսպվածություն ենք դրսևորել, հիմա շատ ագրեսիվ, ակտիվ պատասխանվեց, և ես՝ որպես հայ մարդ, դա լավ եմ զգում»: