Մայդանի ակտիվիստները ներկայացրել են Կիևի կենտրոնը լքելու իրենց պայմանները (լուսանկարներ, տեսանյութ)
Գիշերը Կիևի Մայդանում համեմատաբար հանգիստ է եղել։ Կրակոցներ և վեճեր չեն եղել, միևնույն ժամանակ, բարիկադները մնացել են։ Մայդանցիները դրանք ամրացրել են դեռևս երեկոյան և հսկել ողջ գիշեր, գրում է kp.ua-ն։
Հիշեցնենք, որ երեկ բախումներ էին գրանցվել մայդանցիների և իրավապահների միջև:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք կարելի է նոր բախում ակնկալել Մայդանում, Կիևի կենտրոն այցելած Ուկրաինայի անվտանգության ծառայության հակակոռուպցիոն վարչության ղեկավար Յուրի Արտյուխովը պատասխանել է, որ այժմ իրենք կպայմանավորվեն ակտիվիստների հետ, և հույս ունեն, որ մոտ ժամանակում նրանք ինքնուրույն կհեռանան։
«Իրականում բանակցություններ ենք վարում երեկվանից։ Այս իրավիճակում «Պրավիյ սեկտորը» որպես միջնորդ է հանդես գալիս ուժայինների և Մայդանի բնակիչների միջև բանակցություններում»,- ասել է «Պրավիյ սեկտոր» շարժման Կիևի շրջանի առաջնորդ Իգոր Մազուրը։
Իսկ լրագրողի այն նկատառմանը, որ իրենց շարժումը, սովորաբար, ընդդիմանում է, այլ ոչ թե երկխոսություններ վարում, Մազուրը նշել է, որ այս դեպքում իրենք վստահ են, որ պետք չէ «գեղեցիկ տեսարան ստեղծել ռուսական հեռուստաընկերության համար, և անհրաժեշտ է փոխհամաձայնության գալ»։
Արդեն որոշվել են Մայդանի կողմից մի շարք հիմնական հարցեր և պայմաններ։ Պայմանները երեքն են. առաջին՝ փակել բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել էին «Չաչապուրի» ռեստորանում ձերբակալվածների դեմ։ Փակել նաև Օդեսայի ակտիվիստների դեմ հարուցված քրգործերը։
Երկրորդ՝ անհրաժեշտ է ստեղծել Մայդանի ակտիվիստներից բաղկացած Ուկրաինայի նախագահին կից համակարգող խորհուրդ։ Ամիսը գեթ մեկ անգամ մարդիկ պետք է հանդիպեն նախագահի հետ՝ արտահայտվելու հնարավորություն ստանալու և իրենց գաղափարներն առաջարկելու համար։
Եվ երրորդ՝ իրենց անհրաժեշտ է զենք։ Եվ ոչ թե պարզապես հրազեն, այլ ինչ-որ այլ, ավելի լուրջ բան, ասել է Մազուրը։
Այս բոլոր պայմանները մայդանցիները և «Պրավիյ սեկտորը» պատրաստվում են հրապարակել այսօր օրվա առաջին կեսին՝ Մայդանի ընդհանուր խորհրդի ընթացքում։
Առավոտյան Մայդան է այցելել նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նա դուրս է եկել առանց թիկնապահների և ակնթարթորեն հայտնվել ամբոխի մեջ։ Քաղաքապետը շփվել է ակտիվիստների հետ և խոստացել կարգի բերել քաղաքի կենտրոնը։



















