ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը դեմ է արտահայտվել Ռուսաստանի կողմից Ուկրաինա օգնություն ուղարկելուն
Ուկրաինային բնակիչներին մարդասիրական օգնություն պետք է տրամադրեն միջազգային կազմակերպությունները, ոչ թե Ռուսաստանը: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
«Ուկրաինային օգնություն պետք է ցուցաբերեն միջազգային մարդասիրական կազմակերպությունները, որոնք պրոֆեսիոնալ են, փորձ և անկախություն ունեն: Օգնություն չպետք է ցուցաբերի Ռուսաստանը»,-ասել է Փաուերը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան միջազգային հումանիտար խմբերին թույլ է տվել իր տարածք օգնություն հասցնել, քանի որ «որևէ տրամաբանական հիմք չկա, որ դա կփորձեր անել Ռուսաստանը»:
Փաուերը հայտարարել է, թե Ռուսաստանի միակողմանի միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին, այդ թվում՝ մարդասիրական օգնություն հասցնելու պատրվակով, կգնահատվի որպես ներխուժում:
Օգոստոսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, թե Մոսկվան պատրաստվում է օգնություն ուղարկել Ուկրաինա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո, ընդգծելով, որ երկրում հումանիտար իրադրությունն աղետալի է:










