Էբոլայի համաճարակ՝ Նիգերիան արտակարգ դրություն է հայտարարել

12:52 • 09.08.14

Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը հայտարարել է, որ Էբոլայի համաճարակն արտակարգ դրություն է ստեղծել երկրում, որի կանգնեցման համար 11 մլն ԱՄՆ դոլար է անհրաժեշտ, հայտնում է BBC News լրատվական գործակալությունը:

 

Այս քայլը հաջորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությանը, որում ասվում էր, որ Արևմտյան Աֆրիկայում բռնկված համաճարակի տարածումը միջազգային նշանակության սպառնալիք է: 

Ներկայում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, վարակի ընդհանուր 1.779 դեպք է գրանցվել:

Map showing Ebola outbreaks since 1976

Էբոլա հեմոռագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է: Այն առաջին անգամ ախտորոշվել է 1976թ.-ին՝Աֆրիկայում:

Վարակի վաղ նախանշաններն են տենդը, գլխացավը, հոդացավը, մկանների և կոկորդի ցավը, փորլուծությունը, փսխումը և ստամոքսի ցավը: Որոշ դեպքերում էլ մաշկային ցան, աչքերի կարմրություն, զկռտոց, ինչպես նաև ներքին ու արտաքին արյունահոսություն կարող է առաջանալ:


Էբոլա վիրուսի կրողը շիմպանզեն, գորիլան, անտառային անտիլոպն ու մակական են համարվում: Յուրաքանչյուր համաճարակի բռնկման դեպքում այն վերոհիշյալ կենդանիներից որևէ մեկից է մարդու օրգանիզմ անցնում, այնուհետ արյան, թքի, լորձի և այլ արտազատումների միջոցով մարդուց մարդ փոխանցվում: Հիվանդության նկատմամբ առավել խոցելի երկրներում հեմոռագիկ տենդը կարող է նաև հիվանդներից բուժաշխատողներին անցնել, եթե վերջիններս պաշտպանիչ հագուստ և դիմակ չեն կրում: Բացի այդ, վարակված ասեղի հետագա օգտագործումը ևս կարող է հիվանդության տարածման միջոց դառնալ: