Ճապոնիայում մոտ 460 ավիաթռիչք չեղյալ է հայտարարվել «Հալոն» թայֆունի պատճառով
Ճապոնիայի հարավում մոտ 460 ավիաթռիչք չեղյալ է հայտարարվել «Հալոն» թայֆունի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ներկայում «Հալոն» թայֆունը գտնվում է Կյուսյու կղզուց հարավ-արևելք և արդեն այսօր կմոտենա Սիկոկու կղզուն: Ըստ կանխատեսումների՝ թայֆունը հանգստյան օրերին կանցնի Ճապոնիայի տարածքի մեծ մասով:
Թայֆունի կենտրոնում ճնշումը 955 հեկտոպասկալ է, քամու ուժգնությունը հասնում է վայրկյանում 40 մետրի՝ երբեմն հասնելով վայրկյանում 55 մետրի, հայտնում է Ճապոնիայի հիդրոօդերևութաբանական գործակալությունը:
Ուժգին տեղումների հետևանքով նվազագույնը 4 մարդ է տուժել: Սիկոկուում կարող է տարհանվել մոտ 20.000 բնակիչ:











