Որ ասում են թուրքերն ավելի քաղաքակիրթ են դարձել՝ Ստամբուլի մի շերտին է վերաբերում. թուրքագետները Էրդողանի հայտարարության մասին
Թուրքիայի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայ հայտարարության մասին Tert.am-ը զրուցել է թուրքագետներ Արտակ Շաքարյանի և Հակոբ Չաքրյանի հետ։
Արտակ Շաքարյանը նշեց, որ բոլորին վաղուց հայտնի է, որ թուրքական հասարակությունում «հայ» անունը վիրավորական է, իսկ Էրդողանը սկզբունքորեն ընտրություններում խնդիր ունի իր կողմը բերել ազգայնական ընտրազանգվածին, ովքեր հիասթափված են Իհսանօղլուից և տատանվում են՝ ում ընտրել։
«Սակայն կարծում եմ նաև, որ նախընտրական քարոզարշավից բացի, Էրդողանը հենց իր միտքն է արտահայտում որպես հակահայ։ Այն որ մենք ասում ենք, որ թուրքական հասարակությունն ավելի քաղաքակիրթ է դարձել, փոխվել է, իրականում դա Ստամբուլի մի շերտին է վերաբերում, ոչ թե ամբողջ Թուրքիային։ Ճնշող մեծամասնությունը, ովքեր մեծավմասամբ Ստամբուլից դուրս են ապրում, նրանց համար դեռ հայ անվանելը վիրավորական է»,- ասաց թուրքագետը։
Նա նաև նկատեց, որ հայերի համար ևս թուրք անվանելը վիրավորական է։ «Եթե մեզ մոտ էլ մի քաղաքական գործչի մեղադրեն թուրքի զավակ լինելու մեջ, ու թեև ռասիստական հայտարարություն դա կդիտվի, սակայն կարծում եմ՝ կլինի էական վիրավորանք այդ քաղաքական գործչի համար»,- ասաց նա։
Արտակ Շաքարյանը նշեց, որ Էրդողանը հայտնի է որպես մի մարդ, ով նախապատրաստված թղթով չի առաջնորդվում, և պարզապես տեղում է որոշում՝ ինչ ասել։ «Այդ արտահայտությունը պարզապես արտահայտում է Էրդողանի բնույթը, որ իրեն հայ անվանելը վերին աստիճանի վիրավորական է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ազգությամբ քուրդ, Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշի խոստմանը, որ ընտրվելու դեպքում ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, Արտակ Շաքարյանն ասաց, որ նախագահի այդ թեկնածուն ընտրվելու ոչ մի շանս չունի, սակայն էական զարգացում է այն, որ առաջին անգամ ազգությամբ քուրդ այն էլ նախագահի թեկնածուն հայտարարում է այդ մասին։
Արտակ Շաքարյանը համոզմունք հայտնեց, որ նախագահ է ընտրվելու Էրդողանը։ «Եթե մենք համեմատենք Իհսանօղլուին Էրդողանի հետ, բնականաբար չարյաց փոքրագույնը էրդողանն է, իսկ քուրդ թեկնածուն ընտրվելու ոչ մի շանս չունի»,- ասաց նա։
Արտակ Շաքարյանը նաև ասաց, որ սկզբունքորեն Թուրքիան երբեք չի հրաժարվել պանթուրքիզմից, և երբ շանս ունենում է, այդ ուղղությամբ քայլեր անում է։ «Խորհրդային Միության փլուզումը էական շանս էր նրանց համար, սակայն այն ժամանակ Թուրքիան թույլ էր և չկարողացավ օգտվել դրանից։ Հիմա Թուրքիան պարզապես սպասում է ավելի հարմար շանսի, և նա ավելի նեոօսմանիզմի մեջ է մտնում, ոչ թե պանթուրքիզմի»,- ասաց թուրքագետը։
Հակոբ Չաքրյանը ևս կարծում է, որ Էրդողանի հակահայ հայտարարությունը կավելացնի իր ընտրազանգվածը, որովհետև Թուրքիայում հայատյացությունն ընդհանուր տարածում ունի։
«Դա մեր ժողովրդի համար վիրավորական է և վայել չէ այդպես արտահայտվել ոչ միայն պետական գործչին, այլ նաև սովորական քաղաքացուն։ Դա ցույց է տալիս, որ Էրդողանը որքան էլ իսլամիստ լինի, եթե խոսքը հայերին է վերաբերում, ապա ինքն էլ չի հրաժարվում ազգայնամոլներին յուրահատուկ հայատյացությունից։ Դա ոչ միայն պոլսահայ համայնքի համար է վիրավորական, այլ մյուս ոչ թուրք քաղաքացիների»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է քուրդ թեկնածուի հայտարարությանը՝ թուրքագետն ասաց. «Նա շատ խելացի անձնավորություն է և Ցեղասպանության ճանաչման օգտին շատ է խոսել։ Նա բոլոր ժողովուրդների նկատմամբ է դրական արտահայտություններ անում։ Սակայն դա իրեն ձայն չի բերում, որովհետև Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայում կա համերաշխություն ժողովրդի և իշխանությունների միջև»։ Նա նշեց, որ թուրք ժողովուրդը շատ լավ գիտի, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և իրենք էլ մասնակցել են կողոպուտին։
Հարցին, թե հաշվի առնելով, որ նախագահ ընտրվելու ամենամեծ շանսերն ունի հենց Էրդողանն, ինչ եք կարծում, այդ հակահայ տրամադրվածությունը Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության վրա ինչպես կանդրադառնա, Հակոբ Չաքրյանն ասաց, որ չի կարծում, որ որևէ կերպ կանդրադառնա։ «Թուրքիան կփոխի իր քաղաքականությունը, երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան կճնշեն նրան։ Ընդհանուր առմամբ Էրդողանը թշնամական քաղաքականություն է վարում»,- ասաց նա։










