Առաջնագիծ մեկնելու պատրաստակամություն են հայտնել նաև սփյուռքում բնակվող հազարավոր հայրենակիցներ. գեներալ-մայոր Վ. Ավետիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը Tert.am-ին տված հարցազրույցում ասել է, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությամբ պայմանավորված Հայաստան ժամանելու և առաջնագիծ մեկնելու պատրաստակամություն են հայտնել նաև սփյուռքում բնակվող հազարավոր հայրենակիցներ. «Նրանք միայն սպասում են համապատասխան որոշմանը կամ թույլտվությանը, որպեսզի ժամանեն հայրենիք: Թեև, ընդգծեմ, մեր Զինված ուժերն այսօր համալրման խնդիր չունի և ԶՈւ բոլոր ստորաբաժանումներն իրենց ենթակառույցներով հստակ իրականացնում են առաջադրված խնդիրները»: Նա նաև անդրադարձել է պատերազմի վերսկսման, Հայոց բանակի պատրաստվածության և հակառակորդի թերությունների հարցերին, ինչպես նաև ներկայացրել տեղեկատվական պատերազմներում հայկական կողմի ունեցած դիրքը հատկապես՝ վերջին օրերին։
-Ինչպե՞ս ենք գնահատում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային գծում ներկա պահին:
-Վերջին մի քանի օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանում բավականին ուժգնացել էին հակառակորդի կողմից տարբեր զենքերից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Սակայն նախորդ գիշեր հակառակորդի զինված ստորաբաժանումները նշանակալիորեն նվազեցրել են կրակոցները: Իհարկե, հայկական կողմի պատասխան կրակոցները ճնշում են հակառակորդի գործողությունները: Այսօր ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը սահմանագոտում և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
-Տարբեր խմբեր (տաքսու վարորդներ, ԱԻՆ-ի անձնակազմ և այլն) կամավոր պատրաստակամություն են հայտնել այս օրերին սահման գնալ և հայ զինվորի կողքին լինել: Դուք այդ մասին դիմումներ ստացե՞լ եք:
-Այո՛, պարբերաբար հեռախոսազանգեր և նամակներ ենք ստանում, ովքեր ցանկություն են հայտնում մեկնել առաջնագիծ:
-Եթե դիմել են, ապա ի՞նչ մասնագետներ են, և ի՞նչ մասնագետների կարիք կա այսօր բանակում:
- Դիմել են ամենատարբեր մասնագետներ, բնականաբար, առաջնագիծ գնալու կամավորներն առաջին հերթին ազատամարտի մասնակիցներն են: Մեզ դիմել են նաև նեղ մասնագետներ, ովքեր հիմնականում տեխնիկական, կապի և նորագույն տեխնոլոգիաների միջոցների ոլորտից են: Հայաստան ժամանելու և առաջնագիծ մեկնելու պատրաստակամություն են հայտնել նաև սփյուռքում բնակվող մեր հազարավոր հայրենակիցներ: Նրանք միայն սպասում են համապատասխան որոշմանը կամ թույլտվությանը, որպեսզի ժամանեն հայրենիք: Թեև, ընդգծեմ, մեր Զինված ուժերն այսօր համալրման խնդիր չունի ԶՈւ բոլոր ստորաբաժանումներն իրենց ենթակառույցներով հստակ իրականացնում են առաջադրված խնդիրները:
Իհարկե, այս պարագայում մեր հայրենակիցների պատրաստակամությունը և հայրենասիրության նմանօրինակ դրսևորումը ոգևորիչ է հայ զինվորի համար, հոգեբանական աջակցության լավագույն դրսևորում:
Առաջնագծում կանգնած հրամանատարն ու զինվորն աներևակայելի ուժ են ստանում, գոտեպնդվում են մեր հայրենակիցների` իրենց կողքին լինելու պատրաստակամությամբ: Միայն այն գիտակցումը, որ աշխարհի մեկ այլ հատվածում ապրող հայը պատրաստ է թողնել ընտանիքը, աշխատանքը, տաքուկ անկյունը և գալ խրամատում կանգնել հայրենիքի համար պայքարող զինվորի կողքին, ոգևորում է մեր զինծառայողներին:
-Այսօր պատերազմի վերսկսման հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում:
-Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչքան էլ հսկայական գումարներ վատնի սպառազինության ձեռքբերման վրա, այնուամենայնիվ, նրանք հիանալի տիրապետում են սեփական ԶՈւ-ի իրական ներուժին: Լայնամասշտաբ ռազմական գործողություններ իրականացնելու համար հակառակորդը պետք է վստահ լինի, որ գոնե մի քանի օր կդիմադրի: ՀՀ ԶՈւ-ի կողմից ադրբեջանական հատուկ ստորաբաժանումների վերջին մի քանի դիվերսիաների ջախջախումը, կարծում եմ ոչ միայն Ադրբեջանի ԶՈւ-ին, այլև հարևան երկրի ռազմաքաղաքական ղեկավարության համար պարզեցին ուժերի իրական հարաբերակցությունը:
-Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմների մասով ի՞նչ դիրքերում է գտնվում հայկական կողմը:
-Մենք այս ոլորտում բավականաչափ հաջողություններ ենք գրանցում բառացիորեն ամեն օր: Այսպես կոչված, տեղեկատվական պատերազմում չենք կիրառում կեղծիքների և ապատեղեկատվության տարածված միջոցները: Ադրբեջանի վարած տեղեկատվական քաղաքականությունն այնքան կանխատեսելի է, նրանք դեռևս կիրառում են կեղծիքի ամենապարզունակ միջոցները: Տեղեկատվական ոլորտում նրանց կեղծիքի կիրառումն արդեն նաև սեփական հանրության կարծիքի ձևավորման վրա չի ազդում այնպես, ինչպես արվում էր 1-2 տարի առաջ:
ՀՀ ԶՈւ բարեփոխումների շրջանակում իրականացվող տեղեկատվության քաղաքականության շնորհիվ, այսօր արդեն կարող ենք վստահորեն արձանագրել մեր ունեցած հաջողությունները: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և համացանցի հասանելիության ժամանակաշրջանում հասել ենք նրան, որ մեր հասարակությունն էլ արդեն հստակ գիտակցում է հակառակորդի մշակած թակարդները: Այստեղ նույնպես ՊՆ-ն վարում է ազնիվ տեղեկատվական քաղաքականություն: ԶԼՄ-ների հետ փոխադարձ վստահության շնորհիվ ձևավորված համագործակցությունը նպաստում է հասարակությանը օբյեկտիվ և, ըստ անհրաժեշտության, մասնագիտական մեկնաբանությունների տրամադրմանը: Տեղեկատվական դաշտում այսօր գրեթե բացեր չկան:
-Հայկական լրատվամիջոցները կարողանո՞ւմ են արդյոք ճիշտ կողմնորոշվել ներկա իրավիճակում:
-Հայկական ԶԼՄ-ները Ճիշտ կողմնորոշվելու խնդիր ունեն միայն այն դեպքում, երբ չճշտված տեղեկություն են տարածում, կամ ոչ մասնագիտական վերլուծություն են կատարում, որը լի է հետագայում տեղեկատվական դաշտը բացասական տրամադրություններով հեղեղելու խնդրով: Դժբախտաբար, շատ քիչ լրատվամիջոցներ են, որոնք պատասխանատվություն են կրում իրենց հրապարակումների համար: Հղում անելով անանուն աղբյուրի, լրագրողը կարող է տարածել անտրամաբանական մի հայտարարություն, մի ցնդաբանություն, որի համար նա նույնպես պատասխանատվություն չի կրում: Սակայն կցանկանայի այս ամենով հանդերձ, նկատել, որ վերջին օրերի ընթացքում լրագրողների բանակը նույնպես հաստատեց, որ հայրենիքի պաշտպանության և իրենց հրապարակումներով բանակին աջակցություն ցուցաբերելու առումով միասնական են, համախմբված և պատրաստ են իրենց մասնագիտական հմտություններով ծառայել հայրենիքին: Ներկայացնելով մեր զինվորների ու սպաների մասին բազմաթիվ հրապարակումներ, լուսանկարներ, տեսանյութեր` լրագրողն աջակցում է հայրենիքի սահմանին կանգնած զինվորին, բարձրացնում է անձնակազմի մարտական ոգին և վերջապես` զինվորների ծնողները տեսնում են իրենց զավակներին ծառայության մեջ` հայրենանվեր գործ կատարելիս: Զինվորների մասին բոլոր հրապարակումները հպարտություն և պարծանք են առաջացնում ծնողների սրտում` դրանով էլ ավելի ամրապնդելով բանակ-հասարակություն կապը:










