Apple-ը հրաժարվել է 2 վտանգավոր քիմիական նյութերի օգտագործումից
Ամերիկյան Apple ընկերությունը հայտարարել է, որ հրաժարվել է երկու վտանգավոր քիմիական նյութերի օգտագործումից իր սարքերի հավաքման ժամանակ, գրում է kommersant.ru-ն:
Խոսքը բենզոլ և հեքսան նյութերի մասին է: Այս տարվա մարտին China Labor Watch և Green America իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստները ստորագրահավաք էին անցկացրել խնդրագրի միջոցով, որտեղ կոչ էին արել ամերիկյան ընկերության ղեկավարությանը դադարել օգտագործել այդ վտանգավոր քիմիական նյութերն իրենց գործարաններում սարքերը հավաքելու ժամանակ: Իրավապաշտպանները հայտարարել էին, որ բենզոլը կարող է լեյկոզ առաջացնել, իսկ հեքսանը վնասում է նյարդային բջիջները:
Իրավապաշտպանների կոչին ի պատասխան Apple-ի ղեկավարությունը վերջին հինգ ամիսների ընթացքում ստուգումներ է անցկացրել իր 22 գործարաններում, որտեղ աշխատում է մոտ 500.000 աշխատակից, և պարզվել է, որ նյութերը չեն ազդում անձնակազմի առողջության վրա:
Սակայն օգոստոսի 14-ի առավոտյան Apple-ը հայտարարել է, որ այսուհետ բենզոլն ու հեքսանը չի օգտագործվի ընկերության սարքերի արտադրության մեջ:
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկն ավելի վաղ հայտարարել է ԶԼՄ-ներին, որ բոլոր բաղադրիչները, որոնք օգտագործվում են արտադրության մեջ, համապատասխանում են անվտանգության չափանիշներին:










