Բրիտանացի զույգը մեկնել է մեկշաբաթյա ուղևորության և վերադարձել 16 տարի անց (լուսանկարներ)
Բրիտանացի ամուսիններ Քլայվ Գրինը և նրա կինը՝ Ջեյնը, մի օր որոշում են իրենց նավակով կարճատև ուղևորության մեկնել դեպի Իռլանդիա և Իսպանիա, սակայն նրանց արձակուրդը տևում է 16 տարի։ Նրանք մեկնում են 1998թ. հուլիսին և վերադառնում միայն 2014-ին, գրում է Вести-ն՝ Daily Mail-ին հղումով:
Ամեն ինչ սկսվում է նրանից, որ ամուսինները որոշում են փորձարկել իրենց նոր նավակը, որն անվանում են Jane G.: Ամուսիններն Իսպանիայից ուղևորվում են Կապե-Վերդե կղզի, այնուհետ Ատլանտյան օվկիանոսով հասնում են Բարբադոս։ Կարիբյան կղզիների միջով մեկնում են ԱՄՆ-ի արևելյան ափեր և հանգրվանում Նյու Յորքում։ Որոշ ժամանակ անց ուղևորվում են Կանադա, իսկ հետո վերադառնում և Պանամայի ջրանցքով դուրս գալիս Խաղաղ օվկիանոս։ Ճանապարհորդողները հասնում են Ավստրալիայի ափեր, այնտեղից շարժվում դեպի Հարավարևելյան Ասիա և հասնում Հնդկաստան։ Այնուհետ Սուեզի ջրանցքով հասնում են Միջերկրական ծով և անցկացնում այնտեղ վերջին 2 տարիները։
Ամուսինների խոսքերով՝ ճանապարհորդության ընթացքում իրենք ոչ մի անգամ չեն վիճել։ Նրանք չունեն երեխաներ, այնպես որ կարողացել են իրենց ամբողջությամբ նվիրել ուղևորություններին։ Զույգը նշում է, որ այսքան տարիների ընթացքում առողջական խնդիրներ չեն ունեցել։ Բրիտանացիների արձակուրդը տևել է 16 տարի, մեկ ամիս և 2 օր։ Այժմ նրանք ծրագրում են հաջորդ ճանապարհորդությունը, այս անգամ՝ դեպի Եվրոպա։




























