ՄԱԿ-ը հայտարարել է Իրաքում մարդասիրական ճգնաժամի ամենաբարձր մակարդակի մասին

16:44 • 14.08.14

ՄԱԿ-ը հայտարարել է Իրաքում մարդասիրական ճգնաժամի երրորդ՝ ամենաբարձր մակարդակի մասին՝  դեպի երկրի հյուսիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջխաղացումների պատճառով: Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը:

 

Նմանատիպ կարգավիճակ ունեցող երեք այլ երկրներն են՝ Սիրիան, Հարավային Սուդանը և Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը:

 

Քուրդ պաշտոնյաները հայտնել են, որ 150.000 փախստականների ապաստան համարվող Դոհուկ քաղաքում իրավիճակը ճգնաժամային է:  Նրանք հայտնել են, որ Դոհուկի բնակիչներն ամեն կերպ փորձում են օգնել փախստականներին և սնունդ են տրամադրում:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝ 1,2 մլն մարդ է տեղահանվել Իրաքում:

 

ԱՄՆ-ն շարունակում է օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին:

 

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ֆրանսիայի կառավարությունը հայտնել է, որ պատրաստ է զինել Իրաքի քրդերին, որպեսզի նրանք ինքնապաշտպանական մարտեր մղեն խմբավորման դեմ:

 

Ծայրահեղականների անսպասելի հզորացման ու անկարգությունների պատճառով Իրաքը հայտնվել է քաոսի մեջ: