Հայտնվելով «Իսլամական պետության» գրոհայինների «ճանկերում». փախստական եզդի ընտանիքի պատմությունը (տեսանյութ)

13:41 • 14.08.14

CNN հեռուստաընկերության աշխատանքային թիմը ռեպորտաժ է պատրաստել Իրաքի եզդիների մասին, որոնք հայտնվել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների «ճանկերում»:

 

«Սինջար լեռան լանջերից փախստական եզդիներին տարհանող ուղղաթիռում երևում են նրանց սարսափած հայացքները»,- սկսվում է ռեպորտաժը:

 

Հեռուստաալիքն անդրադարձել է 15-ամյա Ազիզա Համիդին և նրա 17-ամյա քրոջը՝ Դունյային, որոնք, ըստ լրատվամիջոցի, այն սակավ բախտավորներից են, որ հաջողացրել են ուղղաթիռ նստել և տեղափոխվել առավել ապահով վայր:

 

Ուղղաթիռով տեղափոխումից 2 օր անց CNN հեռուստաընկերության թղթակից Իվան Վաթսոնը գտել է աղջիկներին և նրանց ընտանիքի անդամներին Զախո քաղաքի լքված շենքերից մեկի 3-րդ հարկում:

 

Այդ շենքն ինքնաշեն ապաստարան է, որտեղ ապրում է մոտ 1.000 եզդի, ովքեր այլ տեղ չունեն գնալու: «Չկա ուտելիք, խմելու ջուր»,- թղթակից Վաթսոնին պատմել է աղջիկների եղբայր Քարիմը:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անցյալ շաբաթ հրաման էր արձակել օդային ուժերին հարված հասցնելու խմբավորման դիրքերին՝ մասնավորապես եզդիներին և այլ փախստականների պաշտպանելու համար: Նաև հրաման է եղել մարդասիրական օգնություն հասցնելու մասին:

 

Դեռ Սինջար լեռան վրա կան եզդի ընտանիքներ. ոմանց հաջողվում է հայտնվել մարդասիրական օգնություն մատակարարող ուղղաթիռներում, իսկ մյուսներն էլ ստիպված են լինում հարյուրավոր կիլոմետր ոտքով կտրել-անցնել առավել ապահով վայրում հայտնվելու համար:

 

«Առաջին 4 օրերին մենք բացի ջրից ոչինչ չունեինք, եթե հանկարծ ինչ- որ սնունդ էինք գտնում, ապա տալիս էինք փոքրերին, որ ողջ մնան»,-պատմել է Դունյան:

 

Նրանք սկզբում կորցրել էին իրենց հորը, ով հրաժարվել էր լքել իր տունը, չնայած նրան, որ խմբավորման անդամները մոտենում էին նրանց բնակավայրին: Ընտանիքը որոշել է փախչել առանց հոր, և կապը նրա հետ կորել է: Սակայն հետագայում պարզվել է, որ նա լեռան վրա է:

 

Տեսանյութը՝ ըստ CNN.com կայքի