Ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության ղեկավարը հրաժարական է տվել
Ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը հրաժարական է տվել, տեղեկացնում է korrespondent.net- ը:
Հաղորդվում է, որ նրան կփոխարինի Լուգանսկի Հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Պլոտնիցկին:
«Ես որոշել եմ ժամանակավորապես հրաժարվել ԼԺՀ ղեկավարի պաշտոնից: Վիրավորվելու հետևանքներն ինձ թույլ չեն տալիս ամբողջ ուժով աշխատել այս պաշտոնում՝ այս դժվարին ժամանակահատվածում»,-ասել է Բոլոտովը:
Նա հաղորդել է, որ գործընկերների հետ խորհրդակցելու արդյունքում որոշել են, որ հանրապետությունը ղեկավարելու է պաշտպանության նախարար Իգոր Պլոտնիցկին, իսկ ինքը՝ Բոլոտովը, խոստացել է «չլքել ճակատը»:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք հումանիտար աղետի շեմին ենք: Այս պայմաններում հանրապետության ղեկավարությունը պետք է անի իրենից կախված ամեն ինչ՝ Լուգանսկի բնակիչների կյանքի որակի և կենսապահովման համար: Հասկանալով դա՝ ես որոշել եմ ժամանակավորապես լքել պաշտոնը»,-ասել է Բոլոտովը:
Նշենք, որ Կիևի իշխանությունները հատուկ գործողություն են անցկացնում երկրի հարավ-արևելքում ռուսամետ անջատողականների դեմ:










