Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է հակառուսական պատժամիջոցների փաթեթը
Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է հակառուսական պատժամիջոցների փաթեթը:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, կառավարական այդ նախագծի օգտին քվեարկել է 244 պատգամավոր:
Օգոստոսի 12-ին պատժամիջոցների փաթեթն ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Համաձայն փաստաթղթի՝ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդն իրավունք է ստանում արգելափակել ակտիվները, սահմանափակել առևտրային գործողությունները, ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել ռեսուրսների տարանցիկ ճանապարհները, թռիչքներն ու բեռնափոխադրումներն Ուկրաինայի օդային տարածքով, կանխել կապիտալի դուրս բերումը, չեղյալ համարել արտոնագրերը, սահմանափակել կամ դադարեցնել փոստային կապի ծառայությունները:
Բացի այդ, նախատեսվում է սահմանափակումներ մտցնել զանգվածային տեղեկատվության միջոցների գործունեության մեջ, այդ թվում՝ ինտերնետային, արգելել կամ սահմանափակել նավերի մուտքն Ուկրաինայի տարածքային ջրեր և օդանավերի մուտքն Ուկրաինայի օդային տարածք, դադարեցնել առևտրային գործող համաձայնագրերը, համատեղ նախագծերն ու արդյունաբերական ծրագրերը որոշակի ոլորտներում, մասնավորապես՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում:










