Ուկրաինայի հակաահաբեկչական կենտրոնի շտաբը հաստատել է ռուսական զրահատեխնիկայի մուտքը երկիր
Զրահապատ մեքենաներից և զինվորական բեռնատարներից բաղկացած շարասյունը հատել է Ուկրաինայի սահմանը ռուսամետ անջատողականների գրաված Իզվարինո անցակետով: Օպերատիվ տվյալներով՝ ռազմական տեխնիկան շարժվում է Լուգանսկի շրջանի Մոլոդոգվարդեյսկի ուղղությամբ, հայտնել են Ուկրաինայի հակաահաբեկչական կենտրոնի շտաբում, գրում է korrespondent.net-ը:
«Հետախուզությունը հաստատել է, որ զրահապատ մեքենաների և ռազմական Урал-ների շարասյունը հատել է սահմանը և ժամանակավորապես փակ ուկրաինական Իզվարինո անցակետից մտել մեր պետության տարածք: Հետախուզությունը նաև հաստատում է, որ տեխնիկայի համարները և նույնականացման նշանները ռուսական են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Շտաբում նշել են, որ շարասյունը բազմաքանակ չէ, սակայն հաշվել զրահատեխնիկայի և բեռնատարների հստակ թիվը հետախույզներին չի հաջողվել: Նախնական տվյալներով՝ բեռնատարներում եղել են զինված զինվորներ:
Ավելի վաղ The Guardian-ի լրագրող Շոն Ուոքերը հայտնել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է ռուսական ռազմական տեխնիկայի շարասյունը հատել Ուկրաինայի սահմանը:










