Պետդեպի ներկայացուցիչը Պուտինին անվանել է միակ զբոսաշրջիկը Ղրիմում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միակ զբոսաշրջիկն է դարձել Ղրիմում, կարծում է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, գրում է Взгляд-ը:
ԱՄՆ պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է Հարֆին, թե արդյոք նա մեկնաբանություններ ունի Ղրիմ Պուտինի կատարած այցի առնչությամբ: «Որքանով ես գիտեմ, նա միակ զբոսաշրջիկն է, ով այնտեղ է գնացել այս ամառ»,- պատասխանել է Հարֆը, ում խոսքերը բերված են Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հարֆը հավելել է, որ Ղրիմում զբոսաշրջության ոլորտն անկում է ապրում Ռուսաստանի ներխուժումից հետո: «Մարդիկ չեն գնում այնտեղ»,- ասել է նա: Պաշտոնյան նաև հայտնել է, որ Ղրիմի տնտեսությունը սնանկության եզրին է:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Ռուսաստանի նախագահը Յալթայում ելույթ էր ունեցել խորհրդարանի և կառավարության անդամների առջև:
Ղրիմը մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով դուրս է եկել Ուկրաինայի կազմից և միացել ՌԴ-ին:










