Վրաստանում «ԿաԶանտիպ» փառատոնի հակառակորդները «բարոյականության երթ» են կազմակերպել

13:04 • 15.08.14

Վրաստանում «ԿաԶանտիպ» միջազգային երաժշտական փառատոնի անցկացման հակառակորդները հինգշաբթի երթ են կազմակերպել, որն անվանել են «բարոյականության երթ», հայտնում է Интерфакс-ը։

 

Ակցիան անցկացվել է սևծովյան Անակլիա գյուղում։ Կազմակերպիչներն են եղել Վրաստանի հոգևորականության ներկայացուցիչները։ Երթին մասնակցել են մի քանի հարյուր հավատացյալներ, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ։

 

Ակցիայի կազմակերպիչները ձեռքերում բռնել են պաստառներ՝ ««ԿաԶանտիպ»-ն այլասերում է», «Խնդրում ենք իշխանություններին թույլ չտալ այլասերության քարոզ», «Մի՛ վերածեք Վրաստանը Սոդոմ-Գոմորի»։

 

Նրանք Անակլիա գյուղի վանքից շարժվել են դեպի մեծ կամուրջ, որը գյուղը միացնում է Գանմուխուրի գյուղի հետ, որի տարածքում օգոստոսի 20-30-ը նախատեսվում է «ԿաԶանտիպ»-ի անցկացումը։

 

Ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը և թույլ չի տվել անցնել կամուրջը։ Հոգևորականությունը որոշել է չցրվել այնքան, մինչ ցուցարարներին թույլ չտան գյուղ մտնել։ Վրացի հոգևորականներն այն կարծիքին են, որ «ԿաԶանտիպ»-ը սեքս է, այլասերում և թմրամոլություն։

 

Փառատոնի կազմակերպիչները, սակայն, կարծում են, որ ցուցարարները հստակ տեղեկություն չունեն փառատոնի մասին։ Նրանք պատրաստ են հանդիպել ցուցարարների հետ և պատմել փառատոնի մասին՝ նշելով, որ այնտեղ «ոչ մի թմրանյութ և սեքս չկա»։