Մոսկվայի քաղաքային դատարանը Լևոն Հայրապետյանին պարտավորեցրել է մասնակցել իր գործին վերաբերող նիստին
Գործարար Լևոն Հայրապետյանը, ով մեղադրվում է դրամական միջոցների վատնման և լվացման մեջ, օգոստոսի 15-ին հրաժարվել է կալանքի համար իր գանգատի վերաբերյալ նիստին մասնակցելուց:
«Ես շատ վատ եմ ինձ զգում և հազիվ եմ հասել այստեղ: Կողքիս կանգնած է բժիշկը՝ անհրաժեշտության դեպքում սրսկելու համար: Ես վստահում եմ իմ փաստաբաններին և կարծում եմ` նրանք կկարողանան գործը կատարել առանց ինձ»,- ասել է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իր հերթին նրա պաշտպան Հենրի Ռեզնիկը նշել է, որ այն հիվանդությունը, որով տառապում է Հայրապետյանը, մեծ հուզական ծանրաբեռնվածության պայմաններում կարող է առաջ բերել նոր նոպա և ծանր հետևանքներ: Սակայն դատարանը վճիռ է կայացրել, որ դատական նիստը չի կարող անցնել առանց Հայրապետյանի, ով դրան մասնակցում է տեսակոնֆերանս կապի միջոցով:
Մոսկվայի Բասմանյան դատարանը քննիչի միջնորդությամբ գործարարին կալանավորել է մինչեւ սեպտեմբերի 15-ը: Հայրապետյանը չի համաձայնել սույն վճռին և այն գանգատարկել է Մոսկվայի քաղաքային դատարանի վերաքննիչ ատյանում:
Սույն քրեական գործի շրջանակներում դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վրա, որոնց արժեքը գերազանցում Է 300 միլիոն ռուբլին: Հայրապետյանն ինքը չի ընդունում մեղքը և ժխտում է իր հասցեին առաջադրված բոլոր մեղադրանքները:
65-ամյա ձեռնարկատերը ձերբակալվել է հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանի օդանավասանդուղքի մոտ, որտեղ նա ժամաել էր Նիցցայից: Այդ ձերբակալման հիմք են դարձել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքները, որը ցմահ բանտարկության պատիժ է կրում մի շարք` առանձապես ծանր հանցագործությունների համար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:










