Ռուսաստանն իր ոսկու պաշարներով առաջ է անցել Չինաստանից

13:18 • 15.08.14

Ռուսաստանն իր միջազգային պահուստներում ոսկու պաշարներով առաջ է անցել Չինաստանից և վեցերորդ տեղը զբաղեցրել աշխարհում, գրում է lenta.ru-ն: Ոսկու համաշխարհային խորհրդի տվյալներով՝ հունիսի վերջին Ռուսաստանի ոսկու պաշարների ծավալը կազմել է 1094,7 տոննա՝ երկրորդ եռամսյակի արդյունքներով ավելանալով 54 տոննայով:

 

Ռուսաստանի բանկն աշխարհում քիչ կենտրոնական բանկերից է, որ շարունակում է ավելացնել ոսկու քանակն իր պահուստներում: Փորձագետների կարծիքով՝ ՌԴ կենտրոնական բանկը ոսկի է գնում՝ վախենալով քաղաքական ռիսկերից և դրանց հետ կապված ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից իր արժույթներով գործողությունների վրա դրված հնարավոր սահմանափակումներից:

 

«Ուկրաինայի պատճառով զարգացած երկրների հետ հարաբերությունների վատթարանալու դեպքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ դոլարի և եվրոյի օգտագործումը կարող է սահմանափակվել կամ դժվարանալ»,- ասել է «Ռեգիոն» ընկերությունների խմբի ռազմավարական ներդրումների բաժնի տնօրեն Վալերի Պյատնիցևը:

 

Ռուսաստանի բանկի տվյալներով՝ արտասահմանյան արժույթի մասնաբաժինը պահուստներում կրճատվել է մինչև 87,5 տոկոս: