Սևանի ջրի 60 տոկոսը պիտանի չէ սաղմոնազգիների՝ իշխանի ու սիգի համար. փորձագետ

19:20 • 15.08.14

Սևանի ողջ ծավալով ջրի 60 տոկոսը պիտանի չէ սաղմոնազգիների համար, այնտեղ կարող է ապրել կարպ, այլ ձկներ, բայց ոչ իշխան ու սիգ:

 

Այս մասին Tert.am- ին հայտնեց Բնապահպանության նախարարության մոնիտորինգի վարչության նախկին պետի տեղակալ Սեյրան Մինասյանը, ով ներկայումս աշխատում է Հայաստանի ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում:


«2011-ին ջուրը փայլուն ցուցանիշներ ուներ, բայց հիմա սարսափելի է. 20 տոկոս ջուրը որակյալ է, 40 տոկոսը՝ միջին, բայց ընդհանուր կտրվածքով՝ Սևանի ողջ ծավալի 60 տոկոսն այլևս պիտանի չէ իշխանի ու սիգի համար։ Այդ ջրում չեն կարող ապրել սաղմոնազգիներ. արդյունքում առաջ Սևանում կար 20 000-30 000 տոննա ձուկ, հիմա՝ մի քանի հարյուր տոննա լինի, չլինի»,-ասա ԳԱԱ գիտաշխատողը՝ հիմնվելով իրենց վերջին հետազոտության արդյունքների վրա:


Ի պատասխան հարցի, թե մշտապես լսում ենք, որ «հեսա այսքան մանրաձուկ է լիճ բաց թողնվելու», Սեյրան Մինասյանն ասաց. «Թող բաց թողնեն, մեկ ա՝ սատկելու են: Այդ ջրում սաղմոնազգի չի կարող ապրել»:


Գիտնականը Սևանում ձկան վերացման երեք հիմնական պատճառ է մատնանշում, որոնցից մեկը ձկան անթիվ, անհամար, անվերահսկելի որսն է, մյուսը՝ ջրածածկ անտառի առկայությունը լճի ջրում, և՝ ջրի բացթողումները, քանի որ, ըստ գիտնականի, ջուրը միայն բարձրանալու դեպքում է ինքնամաքրվում:


«Սևանը, որ դարերով եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական տարածքներից մեկը, Խորհրդային միությունն այդքան գումար ծախսեց Սևանի պահպանության վրա, այն կարևորում էր, և կառուցեց «Արփա-Սևանը», մեր փառապանծ կառավարության «շնորհիվ», մեր անկախության ժամանակահատվածում մենք բերեցինք, լիճն այս վիճակի հասցրինք»,–ասաց նա:


Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշեց ընթացիկ տարում Սևանից վերցրել լրացուցիչ 30 միլիոն խորանարդ մետր ջուր՝ լճից ջրի բացթողնման տարեկան ծավալը հասցնելով 270 միլիոն խորանարդ մետրի:


Ինչպես Tert.am–ին փոխանցեց բնապահպան Կարինե Դանիելյանը, որոշումը կայացնելուց առաջ կառավարությունը որևէ քննարկում չի անցկացրել ո՛չ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովում, ո՛չ բնապահպանների հետ, ինչը պարտավոր էր:


Հիշեցնենք, որ մինչև այս տարվա փոփոխությունները, «Սևանա լճի մասին» օրենքի համաձայն, լճից տարեկան թույլատրվում էր բաց թողնել առավելագույնը 170 միլիոն խորանարդ մետր ջուր:


Արդյունքում՝ Սևանում լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ, իջել է 9 սանտիմետրով, ինչն իր 100 օրվա կապակցությամբ ասուլիսին չթաքցրեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։

 

Կարինե Դանիելյանը հավելեց, որ այդ ասուլիսից հետո լճի մակարդակը ևս մեկ սանտիմետրով իջել է ու այս տեմպերի դեպքում նվազումը կհասնի մինչև 14 սանտիմետրի՝ մինչև տարեվերջ:


«Ուղղակի իրենք հիմա մի քիչ այլ թվեր են հնչեցնում, ասում են, որ իրենք 20 սանտիմետր դեռ ունեն, որովհետև իրենք տարին տարու հետ են համեմատում, մենք՝ ամիսը ամսվա»,-տեղեկացրեց Կարինե Դանիելյանը:


Նա ընդգծեց, որ հիմա այս արձակուրդային պայմաններում փորձում են արագ աշխատանքային խումբ կազմակերպել, որպեսզի տեղում ուսումնասիրություններ կատարեն:


«Էկո դաշինք»-ի անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ կառավարությունը նման որոշումներ ընդունում է գաղտագողի, ամռան թեժ սեզոնին ու ավելացրեց. «Ոչ մեկին ո՛չ հարցնում են, ո՛չ հանրային լսումներ է լինում, մենք այս մասին իմանում ենք հետին թվով, հանրությունն այդ մասին իմանում է ամենավերջինը։ Ախր սա հո միայն Սևանը չէ՞, ես բազում օրինակներ կարող եմ բերել հատկապես հանքարդյունաբերության ոլորտում, կամ ՀԷԿ-երի խնդիրը»։


Սիլվա Ադամյանն այս փուլում իրենց՝ բնապահպանների գերխնդիրն է համարում ապացուցելը, որ 270 միլիոն խորանարդ մետր ջուրը մահացու հարված է Սևանին:


«Սերյան Մինասյանը նշել է, որ նախ պետք է կասեցվի ընդհանրապես Սևանա լճից ջրի որևէ բացթողում և պետք է մաքրվի անպայման Սևանի հատակը։ Բացի այդ նա նշել է, որ Սևանա լճում պետք է լինեն ձկներ, որոնք պետք է սնվեն Սևանում եղած էկոհամակարգով: Սրանք կարևոր կետերն են Սևանի համար։ Սակայն կառավարությունը ձգձգում է, բացարձակ ուշադրություն չի դարձնում ո՛չ փորձագետների որոշումներին, ո՛չ հասարակական կազմակերպությունների կարծիքին»,-ասաց բնապահպանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ նույնիսկ իրանական մամուլն է անդրադարձել Սևանի խնդրին, իսկ իրանահայ համայնքը բավական մտահոգված է այս հարցով։


Սիլվա Ադամյանը, անդրադառնալով Սևանի հատակի մաքրման ծրագրին, նշեց, որ այն մաքրվեց, երբ ջրի մակարդակը բարձրացվեց, սակայն հավելեց, որ Արամ Հարությունյանի օրոք Բնապահպանության նախարարությունը հսկայական գումարներ հատկացրեց լճի հատակի մաքրման համար, միլիոնավոր դոլարների նույնիսկ տեխնիկա բերվեց, բայց գործընթացը իրականացվել է շատ վատ։


«Դա մի քանի միլիոն դոլարանոց սարք է։ Նույնիսկ էկոլոգիական դաշինքն առաջարկեց համայնքին տալ այդ փողերը, որպեսզի փորձի մաքրել, սակայն ԲՆ-ն իր համաձայնությունը չտվեց, այսօր կանգնել ենք փաստի առաջ»,-նկատեց բնապահպանը:


Tert.am-ը զրուցեց նաև «Սևան-Հրազդան ջրառի» տնօրեն Սամվել Հովհաննիսյանի հետ, ով հայտարարեց, որ այդ 30 միլիոնը ոչ թե լրացուցիչ ջրի բացթողում է, այլ նախատեսված է «Սևանի մասին» օրենքով՝ ԱԺ-ի կողմից ընդունված: Պարզապես իրենք որոշակի քանակ բաց թողնելուց հետո ամեն անգամ դիմում են գործադիրին:


«Քանի որ տարին սակավաջուր էր, դրանից հետո օրենքում փոփոխություն կատարվեց ու որոշվեց, որ պետք է վերցվի 270 մլն խորանարդ մետր ջուր, մենք վերցրել էինք 240, դիմել ենք սահմանված կարգով կառավարություն՝ ևս 25-30 միլիոն վերցնելու: Այսինքն՝ դա էդ 270 միլիոնի մեջ է»,-ասաց Սամվել Հովհաննիսյանը:

 

Ստացվում է, որ այս տարվա որոշմամբ կառավարությունը մոտ 60 տոկոսով ավելի ջուր է վերցնելու Սևանից, քան նախորդ տարի:

 

 

Սամվել Հովհաննիսյանն այսուհանդերձ նշեց, որ օրենքով նախատեսվածից ավել ջուր չի վերցվելու, ոչ էլ կտրվի՝ պահանջելու դեպքում, թեև կա պահանջարկ: Նա հավելեց, երբ թույլատրվում էր Սևանից 270 մլն. խորանարդ մետր ջրառը, լիճն արդեն իջած էր:


«Այսինքն՝ էդքան էլ կապ չունի, որ մենք ավել ջուր ենք վերցրել, դրա համար է իջել»,-պատասխանելով բնապահպանների մեղադրանքներին՝ նշեց «Սևան-Հրազդան ջրառի» տնօրենը:


Ինչ վերաբերում է ջրի որակի վատացմանը, ապա տնօրենն անկեղծորեն խոստովանեց, որ դրա մասնագետը չէ, բայց հայտարարեց, որ Սևանում հիմա իշխան էլ կա, սիգ էլ:


«Իսկ եթե իրենք բնապահպանները որոշել են, որ լիճ ձուկ բաց թողնեն, չի աճի, ուրեմն չի աճի»,-ասաց Սամվել Հովհաննիսյանը ու հայտարարեց, որ բնապահպանները գործում են ու մտածում «ինչքան վատ, էնքան լավ» սկզբունքով:


Նա հռետորական հարց տվեց, թե վա՞տ է, որ գյուղացուն ոռոգման համար ջուր են տալիս։ Իսկ բնապահպան Սիլվա Ադամյանն այս կապակցությամբ նշում է, որ Սևանի ի ջուրը չի հասնում Արարատյան դաշտ:

 

«Ջուրը ուղղակի գնում է. այն բաց են թողնում միայն մի նպատակով, որպեսզի իրենց շքեղ հյուրանոցները, զվարճանքի վայրերը չմնան ջրի տակ: Արդյունքում ջուրը գնում է դեպի Արաքս, դեպի Ադրբեջան՝ Կասպից ծով»,–հայտարարեց նա։

 

 

 


 

Սևանի ջրի 60 տոկոսը պիտանի չէ սաղմոնազգիների՝ իշխանի ու սիգի համար. փորձագետ