Ուկրաինան սկսել է ՌԴ-ից ժամանած մարդասիրական բեռի մաքսային ստուգումը

14:08 • 15.08.14

Ուկրաինան սկսել է Ռուսաստանից ժամանած մարդասիրական բեռի մաքսային ստուգումն ու ձևակերպումը: Ուկրաինական կողմից ստուգմանը մասնակցում է 59 մասնագետ: Այդ մասին ասված է սոցիալական ցանցում Ուկրաինայի հակաահաբեկչական կենտրոնի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, գրում է УНИАН-ը:

 

«Օգոստոսի 15-ին՝ ժամը 10-ին, Ռուսաստանի Դաշնության «Դոնեցկ» անցակետում սկսվել է այդ երկրից մարդասիրական բեռի մաքսային ստուգումն ու ձևակերպումը»,- հաղորդել են շտաբում:

 

Ուկրաինական կողմից ստուգմանը մասնակցում է 59 մասնագետ, որոնցից 41-ը՝ Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչներ, 18-ը՝ մաքսայինի աշխատակից:

 

Մարդասիրական օգնության շարասյան վարորդներն ավելի շատ հիշեցնում են գարեջրի սիրահարների, քան «կանաչ մարդկանց», ովքեր մարտին գրավում էին Ղրիմը, գրում է УНИАН-ը՝ հղում անելով բրիտանական Guardian-ի լրագրողին, ով կարողացել է շփվել նրանց հետ ռուսական Կամենսկ-Շախտինսկ քաղաքի մոտ:

 

Լրագրողի խոսքով՝ ենթադրելով իրենց թեթև վարքից, կարգուկանոնի բացակայությունից և որոշ դեպքերում ֆիզիկական պատրաստվածության բացակայությունից, նրանք պրոֆեսիոնալ էլիտար ստորաբաժանումներ չեն թվում: