Microsoft-ի նախկին ղեկավար Սթիվ Բալմերը հեռացել է ընկերության տնօրենների խորհրդից

10:08 • 20.08.14

Microsoft-ի նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը լքել է ընկերության տնօրենների խորհուրդը: Այդ մասին ասված է ընկերության ներկայիս ղեկավար Սաթյա Նադելային ուղղված Բալմերի բաց նամակում, որը տեղադրվել է Microsoft-ի կայքում, հաղորդում է korrespondent.net-ը:

 

«Գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալուց կես տարի անց ես որոշեցի, որ ժամանակն է լքել ընկերությունը, որին ես հավատարմորեն ծառայել եմ 34 տարի: Այժմ ես կրկին շատ զբաղված եմ»,- հայտարարել է Բալմերը:

 

Նրա խոսքով՝ այժմ նա իր ողջ ժամանակը կնվիրի NBA-ի Los Angeles Clippers ակումբի ղեկավարությանն ու դասավանդմանը:


Ընդ որում՝ Բալմերը նշել է, որ նրան է պատկանում Microsoft-ի բաժնետոմսերի մեծ մասը, և նա մտադիր չէ դրանցից բաժանվել:

 

Microsoft-ի գործող գլխավոր տնօրեն Սաթյա Նադելան շնորհակալություն է հայտնել նրան ընկերության զարգացման գործում ներդրման համար և հաջողություն մաղթել նոր գործերում:

 

Բալմերը լքել էր Microsoft-ի գլխավոր տնօրենի պաշտոնը 2013 թվականին, սակայն շարունակում էր մնալ ընկերության տնօրենների խորհրդում:

Microsoft-ի նախկին ղեկավար Սթիվ Բալմերը հեռացել է ընկերության տնօրենների խորհրդից