Ռոբին Ուիլիամսի մահվանը հաջորդած միջադեպերի պատճառով Twitter-ը կվերանայի իր քաղաքականությունը
Twitter սոցցանցը կհեռացնի հանգուցյալ օգտատերերի լուսանկարներն իր տիրույթից՝ նրանց հարազատների խնդրանքով, հայտնում է The Wall Street Journal-ը:
Միկրոբլոգային սոցցանցի այս քաղաքականության պատճառը դերասան Ռոբին Ուիլիամսի մահն է, որից հետո նրա դուստրը՝ Զելդա Ուիլիամսը, վիրավորական թվիթներ է ստացել:
Հոր մահից հետո Զելդային էին ուղարկել Ռոբին Ուիլիամսի ինքնասպանության կեղծված լուսանկարներ, ինչպես նաև վիրավորական հաղորդագրություններ: Ուիլիամսի դուստրը դրանից հետո հայտնել էր, որ հրաժարվում է Twitter-ից: Ցանցն իր հերթին առկախել էր Ուիլիամսի դստերը վիրավորած երկու հաշիվները:
Ընկերությունից հայտնել են, որ չեն մշտադիտարկում կես միլիարդ թվիթները: Սակայն օգտատերերին կոչ են անում իրենց համար անընդունլի բովանդակության դեպքում դիմել Twitter-ին, որն էլ կզբաղվի նման խնդիրներով:










