Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը կտեղափոխվի Շուշի՝ կառույցի պատրաստ լինելուն պես
Օգոստոսի 15-18–ը Շուշի է այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը` ՀԱԱՀ-ի մասնաճյուղի շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու համար. տարածաշրջանում ստեղծվում է իր տեսակի մեջ եզակի հոյակապ կրթական հաստատություն` 4 մասնաշենքերով, լիարժեք շենքային պայմաններով և բոլոր հնարավորություններով:
Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նոր ստեղծվող կրթօջախին ՀԱԱՀ-ը կտրամադրի լաբորատոր սարքավորումներ, կապահովի նյութատեխնիկական միջոցներով, իսկ ՀԱԱՀ-ի շրջանավարտների միավորումն էլ իր աջակցությունը կցուցաբերի մասնաճյուղի կայացման գործում` կառույցի պատրաստ լինելուն պես:
Շենքը պատրաստ կլինի մեկ տարի անց, որից հետո Ստեփանակերտի մասնաճյուղը կտեղափոխվի Շուշի:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ որակյալ ուսուցում ապահովելու և բարձրակարգ մասնագետներ թողարկելու համար անհրաժեշտ է կազմակերպել նաև պրակտիկ պարապունքներ. այդ իսկ պատճառով Արցախում կհիմնադրվի ուսումնափորձնական տնտեսություն: Արցախի կառավարությունը ՀԱԱՀ-ի հետ համատեղ Արաքսի հովտում կհիմնադրի Ագրարային համալսարանի ուսումնափորձնական տնտեսություն, քանի որ Հադրութի շրջանի հարավային թևի ագրոկլիմայական պայմանները շատ նպաստավոր են և հնարավորություն են տալիս մշակել բազմատեսակ մշակաբույսեր՝ անգամ արևադարձային:
Ինչպես ասել է ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը՝ առաջին փուլի համար նախատեսված է 50 հեկտար հողատարածք. «Արաքս գետից հեռավորությունը ընդամենը մի քանի կիլոմետր է, արտեզյան խորքային ջրեր ունենալու հնարավորություն կա, հոսանքի աղբյուրը մոտ է: Բոլոր նախադրյալները կան տնտեսություն զարգացնելու համար»:
Ուսումնափորձնական տնտեսության հարևանությամբ` ըստ նախագծի, կլինի նաև ուսանողական ավան, որը կկառուցվի ավելի ուշ, իսկ բուն ուսումնափորձնական տնտեսությունը պատրաստ կլինի հաջորդ տարի:
Ծրագրին աջակցում է նաև «Փյունիկ» հիմնադրամը։










