Ադրբեջանում ևս մեկ իրավապաշտպան է հայտնվել ամբաստանյալի աթոռին

15:03 • 21.08.14

Լյանքյարանի ծանր հանցագործությունների դատարանում այսօր սկսվել է «Աջակցություն ժողովրդավարությանը» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Էմիլ Մամեդովի գործի քննությունը, հայտնում է haqqin.az-ը:

 

Մամեդովը ձերբակալվել էր մայիսի 13-ին՝ շորթում կատարելու մեղադրանքով: Ինքը՝ Մամեդովը, հերքում է մեղադրանքը՝ համարելով, որ այն քաղաքական դրդապատճառներ ունի:

 

Այսօր կայացած դատական նիստում Մամեդովը հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ ձերբակալվել է սուտ ու վարկաբեկիչ հիմքերով:

 

Լինելով հասարակական կազմակերպության ղեկավար՝ նա զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ և տեղեկություններ է տարածել համայնքում կատարվող խախտումների և բյուջեի միջոցների յուրացումների վերաբերյալ:

 

Մամեդովն ասել է, որ երբեք ոչ մի գումար չի վերցրել տուժողներից: Բոլոր նրանք տեղի պաշտոնյաներ են և համայնքի ղեկավարության թելադրանքով են ցուցմունքներ տվել իր դեմ:

 

Հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 5-ին: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են Է.Մամեդովի կալանավորումը և նրան հայտարարել են քաղաքական բանտարկյալ:  

 

Նշենք, որ Ադրբեջանում մի շարք իրավապաշտպանների, լրագրողների հետապնդումը շարունակվում է, ինչն առաջացրել է մի շարք կազմակերությունների քննադատությունը: