Բրազիլիայում դատավորը պատերազմ է հայտարարել Secret բջջային հավելվածի դեմ

10:10 • 21.08.14

Բրազիլացի դատավորը որոշել է արգելել հայտնի Secret բջջային հավելվածի տարածումը երկրում՝ պատճառաբանելով, որ ծառայությունը հնարավորություն է տալիս անանուն կերպով մարդկանց նվաստացնել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով mashable կայքին:

 

Google-ի նախկին աշխատակիցների կողմից թողարկված ծրագիրը հնարավորություն է տալիս մարդկանց անանուն գրել իրենց գաղտնիքներն ու կարդալ ուրիշներինը:

 

Դատավոր Պաուլո Սեզար դե Կարվալյոն պահանջել է այն հեռացնել Apple App Store-ի և Google Play-ի խանութներից՝ 10 օրվա ընթացքում:

 

Դատավորը գտնում է, որ ծրագիրը հակասում է Բրազիլիայի սահմանադրությանը, որտեղ ասվում է, որ ինքնարտահայտման ազատությունն անանուն իրականացվել չի կարող: Չնայած նրան, որ Secret-ն առաջին անգամ չէ, որ խիստ քննադատությունների է արժանանում ամբողջապես անանուն լինելու պատճառով՝ ծրագիրը, այնուամենայնիվ, իր օգտատերերին կոչ է անում պատասխանատու լինել:

 

Հուլիսին բջջային հավելվածը 25 մլն դոլարի ներդրում է ստացել:

 

Բրազիլիայում դատավորը պատերազմ է հայտարարել Secret բջջային հավելվածի դեմ