Հուսով ենք` Վրաստանի վարչապետի հետ վիզաների մասին քննարկում դեռ կլինի. Սամցխե-Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի համակարգող
Թեև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական հանդիպումից հետո համատեղ հայտարարությունում այդպես էլ վիզաների թեմային անդրադարձ չի եղել, բայց Սամցխե-Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը հույս ունի, որ խնդրի մասին քննարկում և հայտարություն դեռ կլինի։
«Կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսելը, որովհետև Վրաստանի վարչապետը ՀՀ Նախագահի հետ էլ պետք է հանդիպի, հնարավոր է՝ այդ հանդիպումից հետո լինի պաշտոնական հայտարություն, սպասենք մինչև վաղը։ Կարծում եմ՝ պետք է լինի հայտարարություն, քանի որ երկու կողմից էլ հնչեցրեցին, որ վիզայի հարց պետք է քննարկվի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Վրաստանը մտադիր է սեպտեմբերի 1-ից վիզային ռեժիմ սահմանել Հայաստանի հետ:
Արտակ Գաբրիելյանը սակայն նկատեց, թե իր համոզմամբ՝ վիզայի հարցը ո´չ թե որոշում են Հայաստանի կամ Վրաստանի իշխանությունները, այլ՝ այն կառույցները, որոնց անդամակցում են այդ երկրները, այսինքն՝ ԵՏՄ-ն, որին առաջիկայում կանդամակցի Հայաստանը , և ԵՄ-ն, որի հետ Ասոցացման համաձայանգիր կնքեց Վրաստանը։










