Վրաստանի վարչապետը հրաժարվել է «սառը ցնցուղից»
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է բարեգործական ակցիայի շրջանակում իրեն նետված «մարտահրավերը»՝ նշելով, որ յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձից գումար կհատկացնի Համերաշխության հիմնադրամին, գրում է apsny.ge-ն։
«Ակցիան, որն անցկացվում է ամբողջ աշխարհում և որին արդեն մասնակցում են հազարավոր մարդիկ, մարդասիրության, բարության և համերաշխության հրաշալի օրինակ է, երբ ամբողջ հասարակությունը՝ անկախ կարգավիճակից ու դիրքից, միավորվում է հանուն մեկ նպատակի։ Մեր նախաձեռնությամբ ստեղծված Համերաշխության հիմնադրամի գլխավոր կարգախոսն է՝ «Բարությունը վարակիչ է»։ Ես ընդունում եմ ինձ ուղղված «կոչը» և, հանդիսանալով Վրաստանի կառավարության ղեկավար, յուրաքանչյուր ամիս, այլ ոչ թե մեկ անգամ, գումար կփոխանցեմ հիմնադրամին»,- ասվում է վարչապետի հայտարարությունում։
Վերջին շրջանում Վրաստանում տարածում է գտել բարեգործական ակցիա, որի շրջանակում մարդը, ում «մարտահրավեր են նետում», 24 ժամվա ընթացքում պետք է կամ իր վրա սառը ջուր լցնի ու դա տեսանկարահանի կամ նվիրատվություն անի Համերաշխության բարեգործական հիմնադրամին՝ Wehelp.ge, առնվազն 1 դոլարի չափով։ Դրանից հետո նա պետք է նույն «մարտահրավերը» նետի ևս 3 մարդու։
Ղարիբաշվիլիին «մարտահրավեր» էր նետել «Палитра медиа» հրատարակչության մենեջեր Տամտա Ասլանաշվիլին։










