Այսօրվա ուսանողները մեր ընկերության վաղվա լավագույն մասնագետներից են. «Ինգո Արմենիա»-ի անակնկալն ուսանողներին
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը շարունակում է համագործակցությունն ուսանողների հետ, որոնք պրակտիկա անցնելով` կարող են հետագայում համալրել ընկերության աշխատակիցների շարքերը։ Հերթական համագործակցությունը ուսանողական տոնավաճառի շրջանակում էր, որին մասնակցել էր նաև «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն։
««ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունում մեծ տեղ է հատկացվում ուսանողներին, քանի որ, կարծում ենք, հենց այսօրվա ուսանողները մեր ընկերության վաղվա լավագույն մասնագետներից են: Այդ պատճառով մենք հաճախ ունենում ենք հանդիպումներ ԲՈՒՀ-երում, կազմակերպում քննարկումներ ուսանողների հետ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Նաիրա Զուրաբյանը, ով տեղեկացրեց, որ ուսանողական տոնավաճառի ընթացքում ընկերության նախաձեռնությամբ կազմակերպել են փոքրիկ խաղարկություն:
«Նախապես պատրաստել էինք շահումներով կտրոններ, որոնք ուսանողները տեղում վերցրին: Շահումները շատ զանազան էին` զեղչեր ապահովագրական փաթեթ պատվիրելու դեպքում, անվճար կոնսուլտացիաներ «Վարդանանց» բժշկական կենտրոնում և, որն ուսանողներն ամենից շատ էին հավանել, պրակտիկա «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության տարբեր գրասենյակներում»,-նշեց նա և հավելեց, որ այս ընթացքում մի քանի տասնյակ ուսանող այցելել են ընկերության գրասենյակներ, ծանոթացել ընկերության աշխատանքին, եղել տարբեր բաժիններում:
«Բացի այդ, մեզ մոտ մշտապես պրակտիկա են անցնում հայաստանյան տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ: Այս ամենի շնորհիվ ուսանողները ձեռք են բերում որոշակի փորձ և կապ հաստատում մեր ընկերության հետ, ինչը կարող է դառնալ երկարատև համագործակցության սկիզբ: Չէ՞ որ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի աշխատակիցներից մոտ երկու հարյուրը սկսել են իրենց աշխատանքն ընկերությունում որպես պրակտիկանտ, այնուհետև բարելավել իրենց պաշտոնները:Այս առիթով մենք ունենք մի կարգախոս, որը միշտ ասում ենք ուսանողների հետ հանդիպումների ընթացքում` «Սովորում ենք միասին, սովորում ենք միշտ»»,-ընդգծեց նա:
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի, ապահովագրության բաժնի մագիստրատուրայի 2 կուրսի ուսանող Անի Սարգսյանն այն ուսանողներից է, ով ընկերությունում անցնում է գործնական պրակտիկա և լավ գիտի, որ «լավ մասնագետ դառնալու համար պետք է տեսական գիտելիքներից բացի ունենալ նաև գործնական հմտություններ»:
«Քանի որ այս պահին սովորում եմ ապահովագրության բաժնում, մշտապես ցանկացել եմ նաև պրակտիկա անցնել ապահովագրական ընկերությունում: Երբ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն ընձեռեց այդ հնարավորությունը, շատ ուրախացա: Այստեղ գալով միանգամից ընդգրկվեցի մի քանի բաժնի աշխատանքներում: Ձեռք բերեցի գիտելիքներ հայտերի մուտքագրման ու կարգավորման գործում: Բոլորը պատրաստակամ են պատասխանել իմ ցանկացած հարցի: Ընդհանուր առմամբ շատ տպավորված եմ, որ այս ընկերությունում այդքան երիտասարդ և լավ մասնագետներ կան: Եթե աշխատանքի առաջարկ ստանայի, անկասկած կընդունեի այն»,-ասաց նա:










