Ժիրինովսկին կոչ է անում զրկել Օբամային Խաղաղության Նոբելյան մրցանակից
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին կրկին կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից վերցնել Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը նա ստացել է 2009-ին, գրում է Газета-ն։
«Նրա կառավարման տարիներին չի եղել ոչ մի խաղաղարարական ակցիա, միայն մարդկանց մահ, միայն ագրեսիա, միայն փախստականներ։ Անհանգիստ է Մերձավոր Արևելքում, խնդիրներ կան Աֆղանստանում, Ուկրաինայում։ Ի՞նչ խաղաղության մրցանակի մասին կարող է խոսք լինել։ Հետ վերցնել, և չխայտառակել այլևս խաղաղության մրցանակը», - հայտարարել է Ժիրինովսկին։
Նրա խոսքով՝ Օբամային 2009-ին այդ մրցանակը հանձնելը սխալ է եղել։ «Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվում է նրանց, ովքեր 20-30 տարի եղել են բանտերում, պատերազմել են, պայքարել են ժողովրդավարության և խաղաղության համար, իսկ այս մարդը մատը մատին չի տվել։ Պատերազմներ է կազմակերպել»,- ասել է պատգամավորը։
Նա նման կոչ էր հնչեցրել նաև 2011-ին:










