Նիդեռլանդները կհրապարակի մալայզիական Boeing-ի «սև արկղերի» տվյալների միայն մի մասը
Նիդեռլանդների անվտանգության խորհուրդն ամբողջությամբ չի հրապարակի Ուկրաինայի Դոնեցկի մարզում կործանված մալայզիական Boeing 777 ինքնաթիռի «սև արկղերի» տվյալները։ Վերջնական զեկույցում կնշվի «միայն այն տեղեկությունը, որը կապված է ավիաաղետի պատճառների հետ»,- հայտնում է Лента-ն։
Այդ որոշումը չի հակասում ինչպես Անվտանգության խորհրդի, այնպես էլ Քաղավիացիայի միջազգային կազմակերպության կանոններին։
Այժմ փորձագետներն աշխատում են նախնական հաշվետվության վրա, որում կպարունակվի տեղեկություն տարբեր աղբյուրներից՝ «սև արկղերի» տվյալներից, դիսպետչերական ծառայության բանակցություններից, ռադիոտեղորոշիչ կայանների տվյալներից և արբանյակային լուսանկարներից, ինչպես նաև դեպքի վայրում եղած միջազգային փորձագետների եզրակացություններից։
Զեկույցի վերջնական տարբերակը պետք է հրապարակվի ողբերգության պահից ի վեր մեկ տարվա ընթացքում։ Մինչ հրապարակումը քննիչները մտադիր են այցելել ինքնաթիռի կործանման վայր, «երբ անվտանգության հետ կապված իրավիճակը կարգավորվի» (այնտեղ մարտեր են ընթանում ուկրաինացի ուժայինների և անջատողականների միջև- Tert.am)։
Հիշեցնենք, որ Մալայզիական ավիաուղիներին պատկանող Boeing 777 ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին։ Զոհվել էր 298 մարդ, մեծ մասը՝ Նիդեռլանդների քաղաքացիներ:










