Վազաշեն-Պառավաքար ճանապարհի կառուցման համար նոր պայմանագրի կնքումն ու 55 մլն դրամի ավելացումը՝ վարչապետի վրդովմունքի պատճառ
Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն - Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտելու նպատակով լուծվում է շինաշխատանքներն իրականացնող «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերության հետ պայմանագիրը և պետք է նոր ընկերության հետ կնքվի: Ինչպես կառավարության նիստին ներկայացրեց տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը «Իջևան ՃՇՇ» ընկերությունը խախտել է պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման ժամկետը:
«Կառավարությունը պետք է հավելյալ 55 մլն դրամ գումար հատկացնի աշխատանքները շարունակելու համար: Իսկ հավելյալ գումար տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ աշխատանքների կատարման ընթացքում ի հայտ են եկել 9-րդ կարգի գրունտի պայթեցման լրացուցիչ աշխատանքային ծավալներ, որի վերաբերյալ աշխատանքում կատարվել են համապատասխան փոփոխություններ»,- ասաց նա:
Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Դուք պիտի ձեր աշխատանքի ոճը փոխեք, ու չի կարելի մարդկանց պարտադրել, որ այսքան գումարով պետք է ճանապարհը կառուցեք: Նախագիծ կա դրա համար, կան նախագծողներ, որոնք գնահատում են ու ըստ այդմ պետք է ֆինանսավորենք: Հիմա էլ կառուցապատողին փոխում եք, հիմա նոր կառուցապատողը այդ գումարով կարողանալու՞ է ավարտել աշխատանքը»:
Փոխնախարարը Արթուր Առաքելյանը նշեց, թե նախկին կապալառուի հետ պայմանագիրը լուծվում է բացառապես ժամկետների խախտման համար և ֆինանսական խնդիր չկա: «Բա ինչի՞ եք ավելացնում գումարը, որ խնդիր չկա»,- հետաքրքրվեց վարչապետը:
Արթուր Առաքելյանը բացատրեց, որ ճանապարհի կառուցման պայթեցումների արդյունքում ի հայտ են եկել նախագծային թերություններ, որոնք պայմանավորված են գրունտի տարբեր կատեգորիաներով:
Ի պատասխան վարչապետը վրդովված ասաց. «Հիմա ու՞մ ենք համոզելու, որ լրացուցիչ նոր խնդիրներ են առաջացել, մարդիկ կարող են չէ՞ չհավատալ: Նախագծողը պատասխանատվություն չի կրո՞ւմ դրա համար»:
Տրանսպորտի ու կապի փոխնախարարը խոստացավ, որ կքննարկեն այդ հարցը, որից հետ վարչապետն ասաց. «Ի՞նչը պետք է քննարկեք, քննարկեք ձեր գործերը նորմալ արեք, էդ է պետք քննարկել, ուրիշ հարց քննարկել պետք չէ»:










