ԱՄՆ-ն Սիրիայում գտնվող ամերիկացի պատանդներին ազատելու անհաջող փորձ է ձեռնարկել. Պենտագոն

09:19 • 21.08.14

ԱՄՆ-ն Սիրիայում գտնվող ամերիկացի պատանդներին ազատելու անհաջող փորձ է ձեռնարկել։ Դա հաստատել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Ամերիկացիներին այդ երկրում պահում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները:

 

Կիրբիի խոսքով՝ «գործողությունն իրականացվել է ինչպես օդում, այնպես էլ ցամաքում»:

 

«Դժբախտաբար, գործողությունը չի հաջողվել, քանի որ պատանդները չեն եղել այն վայրում, որտեղ իրականացվել է այն»,- հայտարարել է Կիրբին: Անհաջող գործողության մասին այլ մանրամասներ ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը չի բացահայտել:

 

Ընդ որում՝ Կիրբին վստահեցրել է, որ «կառավարությունն օգտագործում է իր բոլոր ռազմական, հետախուզական և դիվանագիտական հնարավորություններն ամերիկացի քաղաքացիներին տուն վերադարձնելու համար»:

 

Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Լիզա Մոնակոն առանձին հայտարարության մեջ հայտնել է, որ երկրի ղեկավարն «այն անցկացնելու հրաման է տվել ավելի վաղ»: Նրա խոսքով՝ «այդ քայլը ձեռնարկվել է, քանի որ ազգային անվտանգության թիմը եզրակացության է եկել, որ պատանդների կյանքի համար վտանգն օր օրի մեծանում է»: