Տեսանելի գնաճ սպասվում է սեպտեմբեր ամսին. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ հանրապետությունում տեսանելի գնաճ սպասվում է սեպտեմբեր ամսին: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տնտեսվարողներն իրենց վերահաշվարկները իրականացնելու են սեպտեմբեր ամսին:
«Մենք ծրագրել ենք գնաճի առաջին դիտարկումն իրականացնել սեպտեմբերի 10-20 ընկած ժամանակահատվածում` հաշվի առնելով էլեկտրաէներգիայի թանկացման հանգամանքը, որովհետև ըստ էության` տնտեսվարող սուբյեկտները թանկացած էլեկտրաէներգիայի համար վճարում կատարելու են սեպտեմբերին»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Անդրադառնալով հարցին՝ սեպտեմբերի մեկին ընդառաջ թանկացումներ նկատվու՞մ են, մեր զրուցակիցն ասաց, որ դեռևս ահազանգեր չկան, սակայն հագուստի, գրենական պիտույքների շուկայում որոշակի թանկացում կարող է նկատվել:
«Ամեն դեպքում՝ գնաճի որոշակի տոկոս ամեն տարի եղել է այդ ոլորտում, և այս տարին ևս բացառություն չի լինի, խնդիրն այն է, թե քանի տոկոսով կլինի այդ թանկացումը»,-ասաց նա:










