Սաակաշվիլիի իրավական հետապնդումը չի խոչընդոտի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը. Վրաստանի ԱԳՆ

11:58 • 21.08.14

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն կարծում է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իրավական հետապնդումը չի խոչընդոտի այդ երկրի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:

 

Վրաց արտգործնախարարը ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման ձգձգումը կապել է ամառային արձակուրդների հետ: Մինչ այժմ ավելի քան մեկ ամիս առաջ ստորագրված համաձայնագրի վավերացումը կատարել է ԵՄ-ի անդամ չորս երկիր:

 

Փանջիկիձեն հույս է հայտնել, որ մինչև տարվա վերջ Վրաստանի հետ համաձայնագիրը կվավերացնի ԵՄ երկրների բացարձակ մեծամասնությունը:

 

Նա նկատել է, որ Վրաստանը ճիշտ ուղու վրա է, նրան ոչինչ չի խոչընդոտի, սակայն երկիրն օգնության կարիք ունի:

 

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանում մեղադրվում է բյուջեի միջոցների յուրացման, ծառայողական լիազորությունների չարաշահման, Իմեդի հեռուստաընկերության յուրացման և այլնի համար: Նա գտնվում է ԱՄՆ-ում: