Նորից ուզում ենք Սևանի բախտի հետ խաղալ. բնապահպանի և նավապետի մտահոգությունները

14:09 • 21.08.14

Բնապահպան Գագիկ Սուխուդյանը, և ինչպես ինքն է ասում, բոլոր բնապահպանները խիստ մտահոգ են Սևանա լճի խնդիրներով, հատկապես` Սևանից բաց թողնվելիք ջրի առումով:


«Մենք հիմա նորից ուզում ենք Սևանի բախտի հետ խաղալ: Սևանի խնդիրը, ցավոք սրտի, անկախ Հայաստանում չվերացավ, մենք չկարողացանք մեր վերաբերմունքը փոխել Սևանի նկատմամբ, և այն դիտարկում ենք որպես ոռոգման ջրամբար: Այդպես չի կարելի նայել, Սևանը կենդանի օրգանիզմ է»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ շեշտելով, որ պետք է վերանայել այդ վերաբերմունքը, հակառակ դեպքում երկիրը կկանգնի լուրջ խնդիրների առաջ:


Հնչած տեսակետի հետ համաձայնեց նաև «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը՝ նշելով, որ Սևանն իսկապես կենդանի օրգանիզմ է և պետք է չխանգարել Սևանին:


«2012թ.-ին Սևանի ջրի թափանցիկությունը կտրուկ բարձրացել է, դա նշանակում է, որ Սևանն անցել էր ինքնամաքրման բնական գործընթացի: Բայց մինչ այդ, երբ մակարդակը ցածր էր, ջրի մեջ բազմանում էին կապտականաչ ջրիմուռները: Բայց Սևանից ջուր բաց թողնելու պրոցեսը կփչացնի Սևանի որակը»,- ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ չպետք է մոռանալ, որ Սևանն է երկրի քաղցրահամ ջրի հիմնական ռեսուրսը: Իսկ պատճառաբանությունը, թե Սևանից ջուրը վերցնում են գյուղացիներին օգնելու նպատակով, Կարեն Բալայանը արժանահավատ չհամարեց՝ ասելով, որ դա ձկնաբուծարանների համար է վերցվում: