Թուրք տղամարդիկ լողափում հարձակվել են կանանց լուսանկարող իրաքցիների վրա

16:49 • 21.08.14

Թուրքական Զոնգուլդակ քաղաքի լողափում թուրք տղամարդիկ հարձակվել են Իրաքի քաղաքացիների վրա, որոնք առանց թույլտվության լուսանկարել են լողազգեստով կանանց, գրում է РИА Новости-ն։

 

Սև ծովի ափին հանգստացող տեղացի կանայք նկատել են մի խումբ երիտասարդ արտասահմանցիների, որոնք աննկատ լուսանկարել են իրենց, և դժգոհություն հայտնել։ Օգնության են հասել թուրք տղամարդիկ, շրջապատել են երիտասարդներին և փորձել Լինչի դատաստանի ենթարկել նրանց։

 

Լողափի աշխատակիցներն ու փրկարարներն իրաքցիներին խլել են ամբոխից և պահել լողափի վարչական շենքում՝ մինչ ոստիկանության ժամանումը։

 

Ոստիկանական բաժանմունքում պարզվել է, որ Իրաքի 9 քաղաքացիներ Թուրքիա են եկել՝ փախչելով ռազմական գործողություններից։ Պաշտոնական բողոքների բացակայության պատճառով, իրաքցիներն ազատ են արձակվել։ Ոստիկանները վերադարձրել են նրանց լուսանկարչական ապարատներն ու հեռախոսները՝ նախապես ջնջելով բոլոր լուսանկարները։