Արաբական Միացյալ Էմիրություններում խստացրել են ահաբեկչական գործունեության համար պատիժը

09:45 • 21.08.14

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները խստացրել են ահաբեկչական գործունեության համար պատիժը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բեն Զաիդ ալ Նահիյանն ահաբեկչության դեմ պայքարի մասին նոր օրենք է ստորագրել: Դրանով, մասնավորապես, մահապատիժ է նախատեսված պետության ղեկավարի, նրա տեղակալի, էմիրությունների ղեկավարների, նրանց ընտանիքի անդամների, միջազգային պաշտպանության տակ գտնվող այլ քաղաքացիների դեմ մահափորձի համար:

 

Մահապատիժ կկիրառվի նաև օդանավի կամ այլ հանրային փոխադրամիջոցի առևանգման համար՝ այն դեպքում, եթե գոնե մեկ մարդ է զոհվում այդ գործողության հետևանքով:

 

Մահապատիժ է սահմանված նաև միջուկային ու քիմիական օբյեկտներն ահաբեկչական նպատակներով օգտագործելու համար: Նույնը կիրառելի կլինի նաև իրավապահների համար, ովքեր կապ կունենան ահաբեկչական կազմակերպությունների հետ:

 

Նոր օրենքով ահաբեկչություն է որակվում անհավատարմությունը պետության առաջնորդին, ինչի համար սահմանվում է տասը տարվա ազատազրկում: Նույնքան ազատազրկում է սպառնում ահաբեկչությունը ֆինանսավորելու համար:

Ահաբեկչությունների մասին կեղծ տեղեկության համար բանտ կնստեցնեն հինգ տարով:

 

ԱՄԷ-ն համարվում է անհանգիստ Մերձավոր Արևելքի ամենակայուն և ապահով երկրներից: