ԱՄՆ-ն շարունակում է օդային հարվածներն Իրաքում՝ չնայած իսլամիստների սպառնալիքներին
ԱՄՆ ռազմաօդային ուժերը նոր օդային հարվածներ են հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին՝ չնայած ջիհադիստների սպառնալիքներին՝ սպանել ևս մեկ պատանդ ամերիկացի լրագրողի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ամերիկյան կործանիչներն ու անօդաչու սարքերը քրդական կազմավորումներին և Իրաքի կառավարական զորքերին աջակցություն են ապահովում օդից՝ Իրաքի հյուսիսում Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղի ունեցող մարտերի ժամանակ:
Հարվածների ընթացքում վերացվել է «Իսլամական պետության» գրոհայինների ռազմական տեխնիկան:
Երեքշաբթի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը համացանցում տեսանյութ էր հրապարակել ԱՄՆ-ի հասցեին սպառնալիքներով, մասնավորապես՝ ցուցադրվել է 2012 թվականին Սիրիայում առևանգված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանությունը:
Լրագրողի մահն իսլամիստներն անվանել են Իրաքում ԱՄՆ-ի օդային հարվածների համար վրեժ:










